ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դայ Բինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Կրամատորսկի կայարանին հասցված հարվածի մասին հայտարարությունները պետք է փաստերի վրա հիմնված լինեն։ Նրա ասածը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Համապատասխան հանգամանքները և միջադեպի կոնկրետ պատճառը պետք է հետաքննվեն, և ցանկացած հայտարարություն պետք է փաստերի վրա հենված լինի»,-ասել է Դայ Բինը:
Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող Կրամատորսկ քաղաքում «Տոչկա-Ու»-ի հարվածի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 8-ին։ Արկի բեկորներն ընկել են երկաթուղային կայարանի մոտ, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են եղել: Տեղի ունեցածի համար Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները մեղադրել են Ուկրաինայի զինված ուժերին:
Ուկրաինական կողմը հայտարարել է, որ Կրամատորսկին հարվածել է ռուսական արտադրության «Տոչկա-Ու»-ն։ Մոսկվայում այդ մեղադրանքները հերքել են՝ նշելով, որ ռուսական բանակը նման տիպի հրթիռներ չի օգտագործում, իսկ ՌԴ զինված ուժերը այդ շրջանում որևէ գործողություն չեն իրականացրել: