ՌԱԴԻՈ

Արցախի դրոշի ամրագրումը խորհրդանշում է ղարաբաղյան նոր շարժման սկիզբը. Հակոբյան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծել է խորհրդարանական ընդդիմության` ԱԺ այս շաբաթվա լիագումար նիստերին չմասնակցելն ու դրա փոխարեն ՀՀ սահմանամերձ մարզեր և Արցախ մեկնելը։
Sputnik
Այն պարագայում, երբ վարչապետը կառավարության նիստում հայտարարում է, որ երկիրը գտնվում է պատերազմի վտանգի ներքո, իսկ Արցախը կանգնած է էթնիկ զտումների սպառնալիքի առջև, ԱԺ–ն քննարկում է ցանկացած հարց, բայց ոչ երկրի անվտանգության հիմնախնդիրն ու արցախյան հարցը։ Ուստի ԱԺ ընդդիմությունը եկել է տրամաբանական եզրակացության, որ ներկա խորհրդարանը ֆունկցիոնալ չէ, ադեկվատ չէ առկա մարտահրավերներին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների` քառօրյա նիստերը բոյկոտելու և Արցախ ու ՀՀ սահմանամերձ վայրեր գնալու մասին, ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով` խորհրդարանական ընդդիմությունը հայտարարության մեջ բացել էր իր ակցիայի հիմնական դրդապատճառները, ըստ որի` թիվ մեկ քաղաքական ամբիոնը վերածվել է ապաքաղաքական մարմնի և հիմնականում քննարկվում են այն խնդիրները, որոնք այս պահին ակտուալ են համարվում կառավարության ու իշխող խմբակցության համար։ Հետևաբար ընդդիմությունն, ըստ քաղտեխնոլոգի, իր վրա է վերցրել այս պահին երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու պարտավորությունը։
«Հենց այդ նպատակով նրանք մեկնում են Արցախ և Հայաստանի սահմանամերձ շրջաններ, որպեսզի տեղում քաջալերեն բնակչությանը` ցույց տալով որ մարդիկ, առավել ևս Արցախի բնակիչները մենակ չեն։ Դա նաև արձանագրվել էր վերջերս Արցախի խորհրդարանի հայտարարության մեջ, երբ պատգամավորները մտահոգություն էին հայտնում, որ Հայաստանի կողմից իրենց հանդեպ ցուցաբերվում է անտարբերություն և իրենք կարող են զոհաբերվել ինչ–ինչ նպատակների, որ իր առջև դրել է ՀՀ վարչապետն ու նրա քաղաքական թիմը»,– հիշեցրեց քաղտեխնոլոգը։
Հակոբյանի կարծիքով` նույն համատեքստում պետք է դիտարկել նաև Արցախի դրոշի հայտնվելը Հայաստանի ԱԺ ամբիոնում, ինչը խորհրդանշական քայլ է, առավել ևս, որ դրոշի կանգնեցումն օրեր առաջ տեղի ունեցավ նաև այն հրապարակում, որտեղից մեկնարկել էին 2018 թվականի հայտնի իրադարձությունները։ Այսինքն` արցախյան դրոշի ամրագրումը խորհրդանշում է արցախյան նոր շարժման սկիզբը։
Քաղտեխնոլոգի գնահատմամբ` Արցախի դրոշը Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնության վկայությունն է, և հենց այդ հանգամանքն է ամենաշատն այսօր նյարդայնացում և մտահոգում ՀՀ գործող իշխանությանը, որովհետև խաղաղության դարաշրջան կերտելու նրա որդեգրած քաղաքական կուրսը ենթադրում է բոլոր պրոբլեմատիկ հարցերում զիջումներ, այդ թվում` Արցախի կարգավիճակի հարցում, որն արդեն արդիական չէ օրվա քաղաքական իշխանության համար։ Ուստի խորհրդարանական ընդդիմության ակտիվությունը, ըստ Հակոբյանի, կարող է գործող իշխանության համար խանգարող հանգամանք հանդիսանալ։
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ԱԺ ընդդմիադիր խմբակցությունները չեն մասնակցելու խորհրդարանի այս շաբաթվա լիագումար նիստերին։ Այդ մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Օհանյանից հետո ամբիոնին մոտեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը, որը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը նույնպես չի մասնակցի ԱԺ նիստերին, քանի որ մեկնում է Արցախ։
Հայտարարություններից հետո ընդդիմադիր երկու խմբակցությունները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը։
Արցախ չեն գնում, որ Ալիևը չջղայնանա. Իշխան Սաղաթելյան