Ալիևը խոսել է 3+3 ձևաչափով տարածաշրջանային հարթակի երկրորդ նիստի մասին

Իլհամ Ալիևը հայտնել է, թե ադրբեջանական կողմը հստակ գիտի, թե ինչ է ուզում և ամեն ինչ անելու են իրենց նպատակներին հասնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. 3+3 (3+2) ձևաչափով խորհրդատվական տարածաշրջանային հարթակի երկրորդ նիստը տեղի կունենա մոտ ժամանակներս։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկանում ենք Sputnik Ադրբեջանից։
Նա կարծում է, որ տվյալ հարթակի շրջանակներում անհրաժեշտ է կոնկրետ արդյունքների հասնել, այլապես այն կկորցնի իր նշանակությունը։
«Մենք շատ հստակ պատկերացում ունենք ապագա տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ։ Մենք գիտենք ինչ ենք ուզում և այսուհետ պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ հասնելու համար այդ նպատակներին»,–ընդգծել է Ալիևը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մարտին հայտնել էր` «3+3» տարածաշրջանային հարթակի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում: Հաջիևի խոսքով՝ նոր հանդիպման անցկացման հարցն այժմ մշակվում է դիվանագիտական ուղիներով:
3+3 ձևաչափով (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան) առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում՝ 2021-ի դեկտեմբերի 10-ին՝ փոխարտգործնախարարների մակարդակով։ Վրաստանյան կողմը չի մասնակցել հանդիպմանը։
Քննարկվել են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցեր։