Այլևս չեմ կարող լռել. Արսեն Հարությունյանը խոսել է ըմբիշների խնդիրների մասին

Արսեն Հարությունյան
Եվրոպայի չեմպիոնը կարծում է, որ եթե ըմբշամարտի նկատմամբ վերաբերմունքն այսպես շարունակվի, շատերը թողնելու են սպորտը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. 2019 և 2022 թվականների Եվրոպայի ըմբշամարտի չեմպիոն Արսեն Հարությունյանն ահազանգում է` ոլորտում ցածր վարձատրության պատճառով շատերը կարիերան կիսատ են թողնում` փորձելով աշխատանք գտնել։
«Հասել է այն պահը, որ այլևս չեմ կարող լռել։ Որքա՞ն պետք է մեր գումարներով գնանք բուժման, գնենք մեր վիտամինները, պատրաստվենք մրցաշարերին։ Ո՞ւր են ֆեդերացիան, նախարարությունը, օլիմպիական կոմիտեն։ Աշխատավարձ նույնպես չենք ստանում։ Այս պահին ունեմ վնասվածք, բուժմանս ծախսերը ինքս եմ հոգում, բայց ես իմ հաղթանակների համար այդքան չեմ վարձատրվում»,– գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Մարզիկը նշել է, որ Հայաստանի առաջնությանը մասնակցում են ընդամենը 60 ըմբիշներ, և պատճառն այն է, որ ոչ ոք գումար չի ստանում, թողնում են սպորտը, որպեսզի աշխատանք գտնեն։ Հարությունյանի խոսքով` ըմբիշները մարզվելու փոխարեն մտածում են` ինչպես հոգան իրենց և իրենց ընտանիքի ծախսերը, բայց չէ՞ որ սպորտն էլ նրանց աշխատանքն է, որի համար պետք է վարձատրվեն այնպես, ինչպես ամբողջ աշխարհում։
Նա համոզված է` եթե մարզիկների նկատմամբ մոտեցումը չփոխվի ու ուշադրություն չդարձնեն, շատերն են հեռանալու:
«Ես 22 տարեկան եմ, մի պահ պատկերացնենք, թե Եվրոպայի չեմպիոն չեմ, այլ միայն բրոնզե մեդալակիր, ստանում եմ ընդամենը 100 հազար դրամ։ Դրանով չեմ հասցնի անգամ ճանապարհածախս հոգալ ու ծնողներից պետք է գումար ուզեմ: Հայաստանի չեմպիոններ կան, որոնք խոշոր մրցումներում, օրինակ, 5-րդ տեղն են գրավել ու աշխատավարձ չեն ստանում»,– գրել է նա։
Հարությունյանն իր խոսքն ամփոփել է` նշելով, որ սպորտային ղեկավարությունը պետք է սրտացավ և ուշադիր լինի այս խնդիրների առնչությամբ։