ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ագրոարդյունաբերության ոլորտում աճել է 15 տոկոսով: Այդ մասին ասված է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ այդ ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցությունը զգալի ներուժ ունի։
«Ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընթացող համատեղ աշխատանքի արդյունքներից մեկը գյուղատնտեսական արտադրանքի և պարենամթերքի ապրանքաշրջանառության աճն է։ Անցյալ տարվա արդյունքներով այն ավելացել է 15 տոկոսով և կազմել գրեթե 773 մլն դոլար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության` Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը շահագրգռված է պարենային ապրանքների և գյուղատնտեսական հումքի փոխադարձ մատակարարումների ծավալների ավելացման հարցում: