Ժամանակավորապես կարգելվի «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի ներմուծումը Հայաստան

«Կինդեր» ապրանքանիշի շոկոլադային արտադրանք
Եվրոպական մի շարք երկրներում արձանագրվել են «Կինդեր» շոկոլադե ձվերի օգտագործման հետևանքով սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ժամանակավորապես կարգելվի «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծումը Հայաստան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Եվրոպական մի շարք երկրներում արձանագրվել են շոկոլադի, մասնավորապես «Կինդեր» շոկոլադե ձվերի օգտագործման հետևանքով սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքեր։
Տեսչական մարմինն ուսումնասիրել է այս տեղեկությունը և վերահսկողական միջոցառումներ սկսել «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։
Ըստ հաղորդագրության` նշված ապրանքանիշը ներկրող երկու կազմակերպություններում՝ «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ում (ներկրում է Ռուսաստանից) և «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում (ներկրում է Գերմանիայից) իրականացվում է պետական վերահսկողություն՝ ստուգում, որի շրջանակներում ընկերություններում առկա խմբաքանակներից կկատարվի նմուշառում և կներկայացվի լաբորատոր փորձաքննության:
Տրվել է նաև Գերմանիայից ներկրվող «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծման ժամանակավոր արգելանքի հրաման:
Լաբորատոր փորձարկումների արդյունքները կհրապարակվեն։