ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Վրաստանի իշխանությունը թույլ չի տա, որ երկրի տարածքում երկրորդ ռազմաճակատի բացվի։ Sputnik Գրուզիայի փոխանցմամբ՝ տեղեկությունը Վրաստանի կառավարության նիստում հայտնել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Մենք պետք է պահպանենք խաղաղությունը, կայունությունը և նպաստենք զարգացմանը։ Վրաստանում ոչ մի երկրորդ ռազմաճակատ չի լինի։ Մենք դա թույլ չենք տա ու կշարունակենք պաշտպանել մեր քաղաքացիներին, մեր պետությունը», - հայտարարել է Ղարիբաշվիլին։
Ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել էր, որ այլ երկրների տարածքում Ռուսաստանի շահերի ոլորտում լրացուցիչ ռազմաճակատների բացումը շատ կօգներ Ուկրաինային: Որպես երկրորդ ճակատի բացման օրինակ նա բերել է Վրաստանի տարածքը, ինչպես նաև Կուրիլյան կղզիներն ու Կալինինգրադի մարզը։
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետը դեռ փետրվարի 25-ին հայտարարել էր, որ իր երկիրը չի միանա ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցներին։
Նշենք, որ Ռուսաստանը տարիներ շարունակ դեպի Վրաստան դրամական փոխանցումների ծավալով առաջատար է։ Տրանսֆերտների ընդհանուր ծավալում ՌԴ-ի մասնաբաժինը տատանվում է 13-14%-ի սահմաններում։ Բացի այդ, Ռուսաստանը նաև դեպի Վրաստան զբոսաշրջիկների թվով է առաջատար։