Պատրաստ ենք ինտեգրմանն այնքան, որքան դա կհամապատասխանի մեր երկրների շահերին. Կոպիրկին

Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ ինտեգրման այն ձևաչափերը, որոնք կարող են ի հայտ գալ կամ զարգանալ, կախված են առաջին հերթին իրական վիճակից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի և ՌԴ բոլոր դաշնակիցների մոտեցումն այն է, որ ինտեգրման գործընթացներն, անշուշտ, շատ մեծ կարևորություն ունեն, և երկրները պատրաստ են գնալու այդ ճանապարհով այնքան, որքան դա համապատասխանում է իրենց շահերին: «Արմենպրեսի» հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` անդրադառնալով Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության ընդլայնման մասին հեռանկարներին։
«Ուզում եմ ընդգծել շատ սկզբունքային մի հանգամանք, որ ինտեգրման այդ գործընթացները յուրաքանչյուր մասնակից պետության ինքնիշխան ընտրության արդյունքն են: Ուստի կարծում եմ, որ փոխգործակցության, ինտեգրման այն ձևաչափերը, որոնք կարող են ի հայտ գալ կամ զարգանալ, կախված են առաջին հերթին իրական վիճակից և մեր երկրների պահանջներից, ինչպես նաև յուրաքանչյուր պետության ինքնիշխան որոշումից»,–ասել է դեսպանը։
Նրա խոսքով` այժմ շատ մեծ նշանակություն են տալիս այն ամենին, ինչ տեղի է ունենում գոյություն ունեցող ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում, և դա հենց յուրաքանչյուր մասնակից պետության քաղաքական, ինքնիշխան և գիտակցված ընտրության արդյունքն է: Ահա այդպես էլ վերաբերվելու են վերոհիշյալին:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի` Հայաստանի հետ հարաբերություններում առաջնահերթություններին ու ընդհանուր շահերին, ապա, ըստ Կոպիրկինի, դա այն է, որ հարմարեցնեն հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ լինի անվտանգությունը, տնտեսությունը թե մշակույթը, հարմարեցնեն դրանք այն նոր իրողություններին և մարտահրավերներին, որոնց 2 երկրները առերեսվել են:
Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն իրենց անվտանգ զգան. Կոպիրկին
Նա հավելել է` խոսել հանրահայտ այն փաստերի մասին, թե ինչպես ենք մենք կախված միմյանցից տնտեսապես, անվտանգության, քաղաքական ոլորտներում, բազմաթիվ մշակութային, միջանձնային կապերում, ավելորդ է. բոլորն էլ շատ լավ գիտեն դա:
Դեսպանի խոսքով` Հայաստանը Ռուսաստանում ընկալվում է իբրև դաշնակից, եղբայրական երկիր: