ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՆԱՏՕ-ն հակված է առճակատման, դրա ընդլայնումը չի ուժեղացնի անվտանգությունը Եվրոպայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք բազմիցս ասել ենք, որ դաշինքն ինքնին, ավելի շուտ առճակատման վրա սրված գործիք է, դա այն դաշինքը չէ, որն ապահովում է խաղաղություն և կայունություն, և դրա հետագա ընդլայնումը, իհարկե, լրացուցիչ անվտանգություն չի բերի եվրոպական մայրցամաքում», - ասել Է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնման մասին հաղորդագրություններում Ռուսաստանի համար նոր սպառնալիքներ կան:
Ավելի վաղ բրիտանական Times թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Շվեդիան և Ֆինլանդիան մտադիր են ՆԱՏՕ-ին անդամակցել արդեն այս ամռանը:
Պեսկովը, մեկնաբանելով պնդումներն այն մասին, որ ժամանակին ՌԴ-ն հրավիրվել է դաշինք, հայտարարել է, որ ԱՄՆ-ն բազմիցս խոսել է ՆԱՏՕ-ին Ռուսաստանի անդամակցության անհնարինության մասին: