ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման միակ հարթակն է, և որպեսզի այլընտրանքներ լինեն, պետք է գոյություն ունենան բոլորի համար ընդունելի հարթակներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են ՌԴ–ի հետ արցախյան հարցով շփվելուց, հետևաբար, կարելի է ասել, որ Մինսկի խմբի ձևաչափը կարող է չեղարկվել։
«Վաղաժամ է ասել` ինչպիսի զարգացումներ կլինեն, ինչ ճակատագիր կունենա Մինսկի խումբը, սակայն ինչքան տեսնում ենք` դեռևս այդ ձևաչափից չեն հրաժարվել։ Այո, նշվեց, որ Մինսկի խմբի գործունեությունը սառեցվում է, սակայն չեմ կարծում, որ արդեն իսկ ձևաչափը վերացել է կամ լուծարվում է, քանի որ գործընթացը պետք է այլ ընթացակարգով իրականանա, եթե նման ցանկություն առաջանա համանախագահ երկրների մոտ»,–ասաց Բաբայանը։
Նա հիշեցրեց, որ Մինսկի խումբը ձևավորվել է 1994-ի Բուդապեշտի հիմնադիր գագաթնաժողովի որոշումների համաձայն և ամբողջությամբ ձևավորվել է 1997-ին` կոնսենսուսի հիման վրա։ Այսինքն` որպեսզի լուծարվի, նորից պետք է ԵԱՀԿ–ն գագաթնաժողով հրավիրի, բոլորը մասնակցեն և կոնսենսուսի միջոցով որոշում կայացվի։
Բաբայանը շեշտեց` որևէ մեկը չի հայտարարել, որ ԵԱՀԿ ՄԽ–ն լուծարվում է, և դա կարևոր գործոն է. պարզապես, հաշվի առնելով այն, որ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները գերլարված են, կառույցի գործունեությունն առժամանակ սառեցվում է։ Նա հավելեց` հույս ունեն, որ հարաբերությունները կկարգավորվեն և Մինսկի խումբը կսկսի գործել լիարժեք ձևաչափով, ուստի, դեռևս պետք է սպասել։
Բացի այդ, ըստ Բաբայանի, Լավրով-Միրզոյան հանդիպումը շատ կարևոր էր, քանի որ երևաց` Ռուսաստանը հաստատակամ է հակամարտության գոտում կայություն և խաղաղություն հաստատելու ուղղությամբ, և այսուհետ ևս ամեն ինչ արվելու է այս ուղղությամբ։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ակնարկվեց նաև, որ հակամարտությունը դեռևս չի լուծվել, ինչը ևս շատ կարևոր է։
Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի վերջնական ճշգրտման հարցին, ապա Բաբայանը նշեց` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական 2 խնդիր ունի, մնացած բոլորն այս երկուսի ածանցյալն են։
Խոսքը կարգավիճակի և սահմանների մասին է։
«Պարզ է, որ Ադրբեջանն առաջ է քաշում իր թեզը, որ չկա ԼՂ և Արցախ հասկացությունները, մենք էլ ունենք մեր տեսակետը` ասելով, որ Ադրբեջանի կազմում երբեք չենք լինելու։ Այո, պետք է պարաստ լինենք որպես հարևաններ ապրելու իրար հետ, քանի որ այլընտրանք չկա, բայց լինել Ադրբեջանի կազմում, կնշանակի ոչնչացում, հայաթափում, կոտորածներ»։
Այս համատեսքում անդրադառնալով Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը` Բաբայանը նշեց, որ Ստեփանակերտը միշտ կողմնակից է եղել կամ գերադասել է բանակցությունները պատերազմից, սակայն բրյուսելյան հանդիպումները հիմնականում առնչվում էին ՀՀ–Ադրբեջան հարաբերություններին. Արցախն այնտեղ չէր քննարկվում։
Նա կարծում է` թեպետ հայ-ադրբեջանական հարաբերությունները փոխկապակցված են ղարաբաղա-ադրբեջանական հարաբերությունների հետ, սակայն դրանք առանձին գործընթացներ են։ Այստեղ, ըստ Բաբայանի, ամենակարևորն այն է, որ խստորեն հետևեն ազգային շահերին և թույլ չտան կարմիր գծերը խախտել։ Իսկ Արցախի համար կարմիր գիծն այն է, որ չեն տեսնում Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ձևով, ինչը պաշտպանում է նաև պաշտոնական Երևանը։
Արցախի ԱԳ նախարարը նշում է` չեն պատկերացնում, որ որևէ հայ, ՀՀ որևէ ղեկավար կարող է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս. սա սարսափելի հարված կլինի ոչ միայն Արցախին, այլ նաև հայոց պետականությանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի` Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը և խաղաղության գործընթացի մեկնարկին, ապա Բաբայանը նշում է` որևէ մեկը դեմ չէ երկխոսության և հարաբերությունների զարգացմանը, սակայն պետք է հասկանալ` ինչ է ուզում հակառակ կողմը։
«Եթե պետք է հարաբերություններ հաստատվեն առանց նախապայմանների, այլ հարց է, սակայն եթե պետք է ասեն` հրաժարվեք Հայոց ցեղասպանության ճանաչումից կամ էլ Արցախը պետք է Ադրբեջանի կազմում լինի, ապա անընդունելի է։ Թուրքիան, ինչպես տեսնում եմ, նախապայմաններով է հանդես գալիս և ամեն ինչ համաձայնեցնում է Ադրբեջանի հետ»,–ասաց Բաբայանը։
Արցախի արտգործնախարարն անդրադարձավ նաև լուրերին, թե ՀՀ–ն ձեռքերը լվանում է Արցախից` ասելով, որ Արցախը միշտ արժևորել է Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը, և սա եղել է պետականաշինության, հաջողությունների հիմքը։ Նրա խոսքով` տարբեր քաղաքական ուժեր կարող են տարբեր քաղաքական մեկնաբանություններ տալ, սակայն պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ եռամիասնությունը պահպանվի։
Հարցն այն է, որ այսօր էլ այդ եռամիասնության շնորհիվ բազմաթիվ հարցեր են լուծվում, և բոլորի պարտքն է դա ուժեղացնել, քանի որ հայոց աշխարհը 3 գագաթից է բաղկացած։ Ուստի, ցանկացած թուլացում և կապի խզում բերելու է անդառնալի կորուստների։