Մեր պահանջների կատարման դեպքում Իրանը պատրաստ է վերադառնալ բանակցություններին. ԱԳՆ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագիրը կարող էր կնքվել դեռ մեկ ամիս առաջ, եթե չլիներ մյուս կողմի դիրքորոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Իրանական կողմը պատրաստ է Վիեննայում վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցություններին միայն մյուս կողմի` Թեհրանի պահանջների կատարման դեպքում: Այսօր նման հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
«Մենք պատրաստ ենք վերադառնալ Վիեննա թեկուզ հենց վաղը, սակայն այն պայմանով, որ մեր պահանջները կկատարվեն։ ԳՀՀԾ-ի վերաբերյալ համաձայնագիրը կարող էր կնքվել դեռ մեկ ամիս առաջ, եթե մյուս կողմը համաձայն լիներ Իրանի կողմից ներկայացված պայմաններին»,–ասել է Խաթիբզադեն։
Նա նաև նշել է, որ Իրանի «փարոսն» իր ժողովրդի շահերն են։ «Մենք չգիտենք ՝ համաձայնության կհասնե՞նք, թե ոչ, քանի որ ԱՄՆ-ն դեռ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ կամք չի ցուցաբերել։ Մենք ձգտում ենք լավ համաձայնագրի, և եթե համաձայնության հասնենք, ապա անմիջապես կմեկնենք Վիեննա»,–նշել է Խաթիբզադեն։
Այժմ Վիեննայում բանակցություններ են ընթանում ԳՀՀԾ-ի վերականգնման և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ: 2021 թվականի դեկտեմբերի 27-ին մեկնարկել է ութերորդ փուլը։