ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի ավտոմեքենա. Արխիվային լուսանկար
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնել կապ պահպանել իրենց ընտանիքների հետ, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին
«Հեռախոսազանգերի, տեսագրված ուղերձների և նամակների տեսքով փորձել ենք այս ընթացքում պահպանել պարբերականությունը տեսակցությունների և շարունակելու ենք, քանի դեռ անձինք գտնվում են անազատության մեջ»,- ասաց նա։
Ամատունին հավելեց, որ այցելությունները տեղի են ունեցել ապրիլ ամսին. ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են 38 գերիների հետ։
Նրանց պահման պայմանների ու առողջական վիճակի մասին տեղեկությունները Կարմիր խաչը չի հրապարակում՝ նշելով, որ դրանք փակ երկխոսության տիրույթում են:
Ամատունու խոսքով`հերթական այցերի նպատակն է հետևել գերիների վիճակին:
Հիշեցնենք, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մարտի 21-ի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ:
Հավելենք, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ հայ գերիների թիվն ավելի շատ է։