Սոցցանցերում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ փոխկապակցված ալիքները շարունակ տարբեր գրառումներ են տարածում, որոնք առնչվում են Հայաստանին ու Ադրբեջանին։ Դրանցում նշվում է, որ Իրանը թույլ չի տալու միջազգային սահմանների խախտումներ։ Իրանագետ Ժաննա Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում նշեց՝ այդ ալիքները ԻՀՊԿ պաշտոնական աղբյուրները չեն, իսկ գրառումներում տեղ գտած մտքերն արտահայտում են 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Իրանի դիրքորոշումները։
Եթե սրանք նոր հայտարարություններ չեն, ապա ինչո՞ւ են հիմա ակտիվ տարածվում հարցին Վարդանյանը պատասխանեց՝ սա կարող է պայմանավորված լինել սահմանային լարումներով կամ Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին հնչած որևէ սպառնալից հայտարարություններով․
«Նմանատիպ իրադարձությունները կարող են խթան հանդիսանալ, որ իրանական տելեգրամյան ալիքները նորից սկսեն այդպիսի լուրեր տարածել։ Կարող են խթան եղած լինել նաև Նախիջևանում ադրբեջանական զորավարժությունները կամ գուցե ներքին ինչ-որ ինֆորմացիա, որը մեզ համար առայժմ տեսանելի չէ»,- մանրամասնեց իրանագետը։
Վարդանյանը նշեց, որ իրանական դաշտում այժմ նաև ակտիվ հակաթուրքական քարոզչություն կա, ինչն էլ էլի տարբեր իրադարձություններով, այդ թվում՝ թուրք-իսրայելական վերջին փոխշփումներով է պայմանավորված։
Ցանկացած դեպքում, իրանական այս հայտարարությունները, ինչպես նաև Իրանի պաշտոնական դիրքորոշումը, կարող են ցույց տալ, որ տարածաշրջանում, եթե, օրինակ, Սյունիքի համար պատերազմական գործողություն սկսվի, չի բացառվում՝ Իրանն էլ միջամտի ռազմական որևէ ճանապարհով, լինի դա ուղիղ միջամտության, թե Հայաստանին ռազմական աջակցության միջոցով։
Այնուամենայնիվ, իրանագետի կարծիքով, ԻՀՊԿ անունից տարածվող այս հայտարարություններն առայժմ միայն քարոզչություն են, իսկ պաշտոնական մակարդակում այլ իրավիճակ է։
«Եթե համեմատում ենք մի քանի ամիս առաջվա իրադրության հետ, ո՛չ պատգամավորների մակարդակով, ո՛չ որևէ այլ գործչի մակարդակով Ադրբեջանի հասցեին հնչող հայտարարություն գրեթե չկա, սահմանային լարումների հետ կապված` Իրանից որևէ արձագանք չկա և նույնիսկ ընդհակառակը՝ շատ ակտիվորեն քննարկվում են Իրան-Ադրբեջան համագործակցության տարբեր ծրագրեր, այդ թվում՝ տնտեսական»,- հավելեց իրանագետը։
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ փոխկապակցված Telegram ալիքը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր՝ Հայաստան ցանկացած ռազմական ներխուժում կարժանանա Իրանի բանակի արձագանքին, և որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է` չի հանդուրժի հարևան երկրների սահմանների փոփոխությունը։