ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Ղրիմի ձեռնարկությունները կսկսեն պարարտանյութեր և սարքավորումներ մատակարարել Հայաստանին։ Տեղեկությունը հյատնել է Ղրիմի կառավարության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն։
Ղրիմի պաշտոնական պատվիրակությունն անցած շաբաթ գործնական այցով ժամանել էր Հայաստան, ու, ինչպես նշել է Կիվիկոն, այցի արդյունքները դրական են:
«Հիմքեր են ստեղծվել հետագա առևտրային հարաբերությունների զարգացման, ծառայությունների ու ապրանքների մատակարարման համար։ Հայ գործարարների կողմից Ղրիմի նկատմամբ հետաքրքրություն կա, մեր գործարարներն էլ հետաքրքրություն ունեն Հայաստանի նկատմամբ», - ասել է նա։
Փոխվարչապետի խոսքով՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել էլեկտրազոդման և այլ էլեկտրական սարքավորումների, Ղրիմից էկոլոգիապես մաքուր պարարտանյութերի մատակարարման, «Մետաքսի ճանապարհ» զբոսաշրջային երթուղու կազմակերպման վերաբերյալ, որը կմիավորի Հայաստանի ու Ղրիմի տեսարժան վայրերը, մշակվում է տուրիստական հոսքի ավելացման համար լոգիստիկայի պարզեցման հարցը:
«Արդեն այս տարի հայաստանցի զբոսաշրջիկները կարող են գալ Ղրիմ՝ հանգստանալու և բուժվելու», - եզրափակել է նա:
Նշենք, որ մարտի 3-ին ՀՀ կառավարությունը հաստատել է մատչելի գներով ազոտական, ֆոսֆորային և կալիումային պարարտանյութեր ձեռք բերելու համար գյուղացիներին աջակցելու ծրագիրը: Ծրագիրը պետք է իրականացվի 2022 թվականին երկրի բոլոր մարզերում։ Յուրաքանչյուր շահառուին առավելագույնը 3 հա հող մշակելու համար պարարտանյութ կտրամադրվի։ Ընդ որում, 2550 տոննա պարարտանյութն արդեն բաշխվել է 8 մարզում։