ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Գերմանիան Հայաստանին 116 մլն 400 հազար եվրո գումար կտրամադրի։ Այս մասին ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը` ներկայացնելով դեռ 2020թ–ին ՀՀ և Գերմանիայի կառավարությունների միջև ստորագրված ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը։
«Դրանից 40 միլիոնն ուղղվելու է վերականգնվող էներգետիկ ոլորտի վարկավորմանը, 70 միլիոնը` ՓՄՁ–ների` արտոնյալ պայմաններով վարկավորմանը»,– հայտնեց փոխնախարարը` ԱԺ գլխամասային հանձնաժողովի անդամներին առաջարկելով համաձայնագիրը վավերացնելու առաջարկը ներկայացնել ԱԺ լիագումար նիստի քննարկմանը։
Պատգամավորները հետաքրքրվեցին, թե ինչ պայմաններով է հիշյալ գումարը տրամադրվելու ՀՀ–ին։
Գևորգյանը պարզաբանեց, որ 116.4 մլն եվրոյից մի քանի միլիոնը գրանտային միջոցներ են, իսկ վարկային ավելի մեծ հատվածը ՀՀ–ին կտրամադրվի միջինը 0.3 տոկոս տոկոսադրույքով։ Վարկը տրվելու է նվազագույնը` 12, առավելագույնը` 16 տարի մարման ժամկետով` յուրաքանչյուր 6 ամիսը մեկ մարումներ կատարելու պայմանով։