Երևանում շտապօգնության կանչերի թիվը նվազել է. հետ զանգելու կարիք դեռ չի եղել

Դեռ մեկ–երկու ամիս առաջ շտապօգնության համար օրական 1000 զանգ էր ստացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Արդեն մեկ շաբաթ է, ինչ շտապօգնությունում գործում է հետադարձ կապի հնարավորությունը. սպասման ռեժիմում գտնվող զանգերը կֆիքսվեն, հեռախոսակապն ազատ լինելուն պես շտապօգնությունից հետ կզանգահարեն։ Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկությունը հայտնեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
«Այս շրջանում կանչերի թիվը նախորդ 1-2 ամիսների համեմատ բավականին ցածր է, դեռևս բոլորը կարողացել են միանալ 1-03 հեռախոսահամարին, սակայն ծառայությունը սկսել է գործել»,–ասաց Ստեփանյանը։
Նրա խոսքով` 4599 կանչ է գրանցվել նախորդ շաբաթ, հիվանդանոց են տեղափոխվել նրանցից 948-ը։
Հավելենք, որ ավելի վաղ Ստեփանյանը հայտնել էր` 1.5-2 ամիս առաջ ընկած ժամանակահատվածում կանչերի թիվը հասնում էր օրական 1000-ի։
Հիշեցնենք` վերջերս տարբեր հարթակներում մարդիկ իրենց դժգոհությունն էին հայտնում` նշելով, որ անհնար է դարձել «Շտապբուժօգնության» հետ կապ հաստատելը։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ավագանու փետրվարի 7–ի նիստում պատասխանատուներին հրահանգեց արագ կարգավորել խնդիրը։ Նա նշեց, որ այդ համակարգը պետք է փոփոխության ենթարկվի. բոլոր քաղաքացիների զանգերը պետք է երևան, նույնիսկ եթե հեռախոսագծերը զբաղված են, իսկ աշխատակիցները պետք է հնարավորություն ունենան թեկուզ 2-3 ժամ անց հետ զանգահարելու։