Ապրիլի 17-ին Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք

Դադիվանք
Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել ուխտագնացությանը, հնարավորինս արագ պետք է գրանցվեն Ստեփանակերտի երկու եկեղեցիներից որևէ մեկի մոմավաճառների մոտ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ս. Հարության (Զատիկ) տոնին Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք: Տեղեկությունը հայտնում է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Ներսես քահանա Ասրյանը։
«Երկար սպասված լուր մեր հավատացյալների համար։ Մասնակցել ցանկացողները հնարավորինս արագ պետք է գրանցվեն Ստեփանակերտի երկու եկեղեցիներից որևէ մեկի մոմավաճառների մոտ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմից հետո Դադիվանքը հայտնվեց կողմերի սահմանազատման գծի մոտ։ Կառույցը վերահսկում են ռուս խաղաղապահները։
2021 թվականի մայիսի 2-ից ադրբեջանցիներն արգելեցին ուխտավորների այցերը Դադիվանք։
Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ ադրբեջանցիները Դադիվանքը հայերի առաջ փակեցին` սկզբում պատճառաբանելով, թե կորոնավիրուսի համաճարակ է, հետո էլ ասացին, թե Թարթառը վարարել է, ճամփան` փլուզվել, վանք հասնել հնարավոր չէ:
2021-ի ապրիլից Արցախի թեմը բարձրացնում էր դեպի Դադիվանք գնալու հարցը, սակայն խնդիրը լուծել չէր հաջողվում։ Այնուամենայնիվ, Դադիվանքում շարունակում են աշխատել 6 հայ հոգևորականներ, որոնց հետ Դադիվանքի տարածքում մի քանի տասնյակ ռուս խաղաղապահներ կան։