ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆարուք Քայմաքչին Euractiv կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ոչ մի թեկնածու երկիր չի կարող Եվրամիությունում ավելի մեծ ներդրում ունենալ, քան Թուրքիան։ Նրա խոսքերն է փոխանցում ՌԻԱ Նովոստին։
Այսկերպ նա մեկնաբանել է Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորության մասին լուրը։
«ԵՄ անդամի թեկնածու որևէ այլ երկիր չի կարող ավելի մեծ ներդրում ունենալ ԵՄ-ի համար՝ անվտանգության և պաշտպանության, արտաքին քաղաքականության, էներգետիկ քաղաքականության, տնտեսության, միգրացիայի կարգավորման, ներդաշնակության, կայունության և գլոբալ դերակատարման տեսանկյունից»,-նշել է Կայմաքչին։
Ըստ կայքի՝ փոխնախարարը լիակատար աջակցություն է հայտնել Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային՝ հիշեցնելով, որ Թուրքիան թեկնածու է հանդիսանում 1999 թվականից ի վեր և որ «ԵՄ-ին անդամակցելու արագ ճանապարհ չկա»:
Փոխարտգործնախարարի խոսքով՝ իրավիճակն Ուկրաինայում «խթան» է տալիս Անկարային ԵՄ–ին անդամակցության շուրջ բանակցություններին վերադառնալու համար:
Քայմաքչին կարծում է, որ եթե Թուրքիան ԵՄ անդամ լիներ կամ նրանց հարաբերություններն ավելի լավ լինեին, Ուկրաինայի իրավիճակից հնարավոր կլիներ խուսափել։
Նա հավելել է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կարող էր կանխել պատերազմը Սիրիայում, պատերազմը Իրաքում և նույնիսկ պատերազմն Ուկրաինայում։