ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Թուրքիան հավատարիմ կլինի Մոնտրյոյի կոնվենցիային և թույլ չի տա, որ ռազմանավերը մտնեն Սև ծով։ Այս մասին A Haber հեռուստաալիքով հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Մոնտրյոյի կոնվենցիան ընդունվել է 1936 թվականին։ Այն առևտրային նավերի համար պահպանում է նշված նեղուցներով անցնելու ազատությունը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակներում, բայց ռեժիմները բոլորի համար տարբեր են: Ընդ որում, փաստաթուղթը սահմանափակում է Սև ծովում ոչ սևծովյան պետությունների ռազմանավերի ներկայությունը 3 շաբաթ ժամկետով: Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելել կամ սահմանափակել Բոսֆորի և Դարդանելի տարածքով նավերի անցումը։
«Թուրքիան հավատարիմ կմնա Մոնտրյոյի կոնվենցիային, թույլ չի տա ռազմանավերի մուտքը Սև ծով»,– Աքարի խոսքը մեջբերում է A Haber հեռուստաալիքը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան կատարել և կատարելու է Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները: