Իշխանությունը ավարտին է հասցնում այն միտքը, որ պետական կառույցն իրավասու է լինելու դադարեցնել լրագրողների հավատարմագրումը։ Սա հետընթացէ, հետադիմականորոշում, որովհետև քաղաքակիրթ աշխարհը հիմա գնում է միանգամայն այլ ուղղությամբ։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ մեկնաբանելով իշխող ՔՊ պատգամավորների՝ պետության համար լրագրողների հավատարմագրման դադարեցման գործընթացը հեշտացնելուն ուղղված առաջարկը։
«Ժողովրդավարական երկրները որդեգրել են ոչ թե այն ուղղությունը, որ պետմարմինը պետք է որոշի այս կամ այն լրագրողը հավատարմագրումը կամ դրա դադարեցումը, այլ ԶԼՄ-ն է որոշում՝ պե՞տք է, որ ինքը տվյալ պետական մարմնում հավատարմագրված լրագրող ունենա, թե՞ ոչ։ Եթե ԶԼՄ-ն որոշում է, որ հավատարմագրում պետք է, օրինակ, ԵՄ երկրներում, այդ մարմինը պարտավոր է հավատարմագրել։ Որպես կանոն հավատարմագրումից զրկելու մոտեցումը բացառվում է»,- ասաց Մելիքյանը։
Նա նշեց, որ առաջարկվող այս փոփոխությունը, ըստ էության, շարունակությունն է ԶԼՄ օրենքում նախորդ փոփոխության։ Այնտեղ, Մելիքյանի խոսքով, նախատեսված էր լրագրողի հավատարմագրման դադարեցում, սակայն, ըստ երևույթին, առաջարկողներն այդ միտքը մինչև վերջ չէին տարել, ու օրենքում կազուս էր առաջացել։
«Ստացվում էր՝ պետական մարմինը նախատեսում է այդպիսի գործընթաց, բայց իրականում կասեցումը կարող էր նախատեսվել միայն խմբագրության համաձայնության դեպքում, կամ երբ խմբագրությունը ինքն է հետ կանչում լրագրողին։
Սա, Մելիքյանի կարծիքով, հերթական քայլն է, որը հակասում է այն գործընթացներին կամ կարգավորումներին, որոնք ժամանակակից աշխարհում զարգացած երկրներում կիրառվում են։ Եվ այստեղ չի կարելի խոսել այն մասին, թե Հայաստանում իրավիճակն առանձնահատուկ է, սա մի մոտեցում է, որ պետք է կիրառվի այն երկրում, որը իր համար որպես ապագա ժողովրդավարական զարգացումն է ուղենշել։
«Իմ գնահատականը խիստ բացասական է, և ես քննադատաբար եմ մոտենում այս ամենին։ Կարծում եմ, որ սա ուղղակի կամ պետք է չընդունվի կամ եթե նույնիսկ ընդունվի, ապա մոտ ապագայում մոտեցումները և այսպիսի դրույթները պետք է բացառվեն»,- նշեց Մելիքյանը։
Հարցին՝ արդյոք իշխանությունը, որի ներկայացուցիչների մի մասը նաև լրագրող են, փորձո՞ւմ է հնազանդեցնել 4-րդ իշխանություն համարվող մեդիային, Մելիքյանը պատասխանեց՝ ժամանակակից տեխնոլոգիական զարգացման պարագայում լրատվամիջոցին հնազանդեցնելն անհնարին է։
«Այն իրավիճակը, որը ստեղծվել է մեր լրատվական դաշտում մտահոգիչ է և սա չի կարելի անտեսել, բայց, ցավոք, իրավիճակն իշխանությունները փորձում են շտկել իրենց պատկերացումների համաձայն և ոչ թե գիտելիքների ու միջազգային փորձի ուսումնասիրության վրա»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին ՀՀ ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։ Նախագծի հիմնավորման մեջ պատգամավորները նշել են, որ պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում առաջարկվում է, որ պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին, կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը։
Հայաստանի ժուռնալիսների միությունը հայտարարություն էր տարածել` ասելով, որ այդ փոփոխությունն իրականում պետական մարմիններին հնարավորություն է տալու կամայականորեն դադարեցնել իրենց ոչ հաճո լրագրողների հավատարմագրումը։