ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում ծովային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել են «Դնեպր» ազգայնական գումարտակի շտաբն ու տեղակայման վայրը: Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նա հավելել է, որ օրերս «Դնեպրը» համալրվել էր օտարերկրյա վարձկաններով։
Բացի այդ, գեներալի խոսքով՝ ՌԴ մարտական ավիացիան շաբաթ երեկոյան ոչնչացրել է Ուկրաինայի 86 ռազմական օբյեկտ, ներառյալ կառավարման երկու կետ, զինամթերքի երկու և վառելիքի երեք պահեստ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի երեք կայանք, ինչպես նաև ուկրաինական մարտական տեխնիկայի կենտրոնացման 49 հենակետ և շրջան:
Հակաօդային պաշտպանության միջոցներով յոթ բնակավայրերի շրջանում խոցվել է ութ ուկրաինական ԱԹՍ՝ Օլխովատովկա, Նովայա Աստրախան, Ավդեևկա, Շախտյորսկոյե, Կուրախովո, Նովոսելովկա Վտորայա, Վեսյոլոյե բնակավայրերի շրջաններում:
Ընդհանուր առմամբ ռուսական հատուկ ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել է ավելի քան 2050 ուկրաինական տանկ և այլ զրահամեքենա:
Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության ավիացիոն հրթիռներով ուկրաինական Ս-300 ՀՕՊ համալիրներ են ոչնչացրել Նիկոլաևսկի և Խարկովի մարզերում, ՌԴ մարտական ավիացիան շաբաթ երեկոյից ի վեր ոչնչացրել է Ուկրաինայի 86 զինվորականի:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 46–րդ օրը։