ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի՝ մշտական ներկայացուցչությամբ։ Այս մասին, Mehr գործակալության փոխանցմամբ, ասել է Իրանի աշխատանքի նախարարության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Համեդ Ֆորուզանը:
«Իրանի և Հայաստանի միջև համագործակցության հուշագիր կստորագրվի՝ ծառայությունների և ապրանքների արտադրության ու առևտրի ոլորտում երկու կողմի հնարավորությունների բնորոշման համար»,–Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջազգային հարցերով բաժնի ղեկավարի հետ վեբինարի ընթացքում հայտարարել է Ֆորուզանը։
Նրա խոսքով՝ արժեքավոր կենտրոնը կբացվի Իրանի աշխատանքի նախարարի՝ Երևան կատարելիք այցի ժամանակ:
Իրանի ներկայացուցիչն ընդգծել է իրանցի պրոֆեսորների պատրաստակամությունը թոշակառուների և հաշմանդամների համար ծառայությունների ու ապահովագրական խորհրդատվությունների, տեխնիկական և մասնագիտական հմտությունների ուսուցման կենտրոններ տրամադրելու հարցում: