Սեպտեմբերի 10-11-ը Հայաստանում անցկացվելու է ԱԹՍ-ների երկրորդ մրցույթը։ Առաջինի խնդիրներն ու բացերը հաշվի առնելով՝ այս տարի «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը» պատանիների համար կազմակերպել է ԱԹՍ-ների դասընթաց:
Մասնակիցները հանրապետության տարբեր մարզերից են: 10-18 տարեկանների համար կազմակերպված մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած պատանիների թիվը հաճելիորեն զարմացրել է նախաձեռնողներին. 514 հայտ ներկայացրած երեխաներից ընտրվել են 57-ը, ովքեր էլ մասնակցում են դասընթացներին։ Ի դեպ, թռչող սարքերով հետաքրքրվում են ոչ միայն տղաները:
18-ամյա գյումրեցի Գոհար Ադամյանին թռչող սարքերի հանդեպ հետաքրքրվածությունը փոխանցվել է եղբորից, որը ավիամոդելավորմամբ է զբաղվել։
Դասընթացի մասնակիցները
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«2-3 տարի է հաճախում եմ ավիամոդելային խմբակ, եղբայրս էր սկզբում հաճախում, ոգևորվեցի ու ես էլ եկա, հնարավորությունը բաց չթողեցի նաև ԱԹՍ առցանց դասընթացին մասնակցելու, ուզում եմ ծրագրավորող դառնալ: Սա ծրագրավորման ու մոդելավորման զուգորդում է»,-ասաց Գոհարը հավելելով, որ այս ընթացքում ամենահավեսն այն է, որ իրեն տեսնելով՝ ընկերների շրջանում է հետաքրքրությունը մեծանում թռչող սարքերի նկատմամբ:
Սուրեն Վարդանյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Դասընթացը կազմակերպելիս հաշվի ենք առել այն բացերը, որ նկատելի էինք նախորդ տարվա սեպտեմբերին՝ Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ մրցույթի ընթացքում։ Ուստի, ընտրեցինք համապատասխան թեմաներ՝ տվյալ դասընթացն առավել արդյունավետ դարձնելու և երեխաներին գալիք ԱԹՍ մրցույթին նախապատրաստելու համար», – Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցում նշեց հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանը։
Երեխաներն արդեն ծանոթացել են ԱԹՍ բաղկացուցիչ մասերին և շահագործման կանոններին, ուսումնասիրել շահագործման նախապատրաստելու գործընթացը, սարքերի սպասարկման առանձնահատկությունները:
Նարեկ Պողոսյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Նարեկ Պողոսյանը 10 տարեկան է, Երևանից։ Նա դասընթացի ամենակրտսեր մասնակիցներից է։ Արդեն գիտի՝ ինչի շնորհիվ է առանց շարժիչի սավառնակն օդում մնում: «Ես հա՛մ ծրագրավորում եմ սովորում, հա՛մ ինչ որ բան պատրաստել, որ մեծանում, ուզում եմ ծրագրավորող դառնալ, բայց ավիաշինության ոլորտում աշխատել»,-ասում է Նարեկը ու հպարտությամբ ցույց տալիս իր սավառնակը:
Տիգրան Վարդանյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արդեն 5 ամիս է, ինչ Տիգրան Վարդանյանը մասնակցում է դասընթացին։ 18-ամյա երևանցի պատանին դեռ չի որոշել՝ հմտանալու է ռազմակա՞ն, թե՞ քաղաքաշինական ինժեներության մեջ, բայց վստահ է՝ անօդաչու թռչող սարքերի անհրաժեշտությունը կա բազմաթիվ բնագավառներում։
«Մենք ապահովում ենք, որ երեխաներն ունենան համակարգված ինժեներական մտածելակերպ: Մրցույթը թեև արտակարգ իրավիճակների խնդիրների վրա է հիմնված, բայց ստացած գիտելիքները թույլ կտան տարբեր ոլորտներում տարբեր բարդության խնդիրներ լուծել»,-նշում է «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Ասյա Սեպխանյանը։
Ասյա Սեպխանյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հավելենք, որ Կարեն Վարդանյանի անվան մրցույթն անցկացվում է հիմնադրամի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարության, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից։
Այն իրականացվելու է 3 անվանակարգերում՝ դպրոցականներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և մասնագիտացած ընկերություններ։
Արդեն երկրորդ տարին անցկացվող մրցույթը, կազմակերպիչների վստահեցմամբ, նպատակ ունի ամենամյա դառնալու: