Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը. այն նաև մանուկների օրհնության օրն է

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
Ծաղկազարդի նախօրեին կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ Զատկին նախորդող կիրակի օրը նշում է Ծաղկազարդի տոնը (ծառզարդար, ծառկոտրուկ), որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ծաղկազարդին հաջորդում է Ավագ շաբաթը։
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնը տարիներ առաջ հռչակվել է նաև որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն»:
Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:
Ծաղկազարդի առիթով այսօր առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին, այնուհետև լինում է պատարագ։
Ծաղկազարդի պատարագի ավարտին կատարվում է մանուկների օրհնության կարգ։
Մանուկների օրհնության օր
Ծաղկազարդը ժողովրդի սիրած տոներից է, այն նաև ժողովրդական կատարում ունի։ Այսպես, Ծաղկազարդը հայտնի է որպես ձմռան հաղթանակի օր, որը հաստատում է գարնան գալը: Բացի այդ, նախկինում այս օրը եղել է նշանադրությունների օր։ Քանի որ ամբողջ պահքի ընթացքում նշանադրությունները, ամուսնություններն արգելված էին, այս օրը միակն էր, երբ կարելի էր նշանախոսություն անել։