Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջատար են Մակրոնն ու Մարին Լը Պենը. Exit poll

Նախագահական ընտրություններ Ֆրանսիայում. Արխիվային լուսանկար
Նախագահական այս ընտրություններում առաջադրվել է 12 թեկնածու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայում այսօր կայացած նախագահական ընտրություններում, Exit poll-ի տվյալներով, առաջատար են գործող նախագահ Էմանուել Մակրոնն ու Մարին Լը Պենը` Ծայրահեղ աջ Ազգային ասոցիացիայից։ Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում նրանք հավաքել են 24-ական տոկոս։
Նախագահական ընտրությունների առաջին փուլը Ֆրանսիայում
Նշենք, որ այսօր Ֆրանսիայի Հանրապետությունում նախագահական ընտրությունների առաջին փուլն էր։ Նախագահն այս երկրում ընտրվում է 5 տարով։
Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի 50%-ից ավելի, ապա ապրիլի 24-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը։ Նշենք, որ հինգերորդ Հանրապետության 60-ից ավելի տարիների ընթացքում ոչ մի նախագահական ընտրություն մեկ փուլով չի անցկացվել։
Նախագահական այս ընտրություններում առաջադրվել է 12 թեկնածու։ Նրանց թվում են գործող նախագահ Էմանուել Մակրոնը, Ծայրահեղ աջ Ազգային ասոցիացիայից Մարին Լը Պենը, Ֆրանսիայի անհնազանդ ձախ կուսակցության ներկայացուցիչ Ժան-Լյուկ Մելենշոնը, Անն Իդալգոն` «սոցիալիստներից» (Օլանդի և Միտերանի ուժը, Փարիզի քաղաքապետը), Էրիկ Զեմմուրը, Կոմունիստական կուսակցությունից Ֆաբիեն Ռուսելը և այլք։