Forbes-ն Արգենտինայում 7 միլիարդատեր է գրանցել, նրանցից մեկը հայ է

Էդուարդո Էռնեկյան. Արխիվային լուսանկար
Համաշխարհային շուկայում անկայունության պատճառով այս տարի ամերիկյան ֆինանսա–տնտեսական ամսագրի վարկանիշում միլիարդատերերի թիվը 87-ով պակաս է, քան նախորդ տարի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Forbes-ի ամենամյա ցուցակում հայտնվել է 7 արգենտինացի գործարար, որոնցից մեկը հայազգի Էդուարդո Էռնեկյանն է: Այս մասին հայտնում է արգենտինական Buenos Aires Times պարբերականը։
Նշվում է, որ Էռնեկյանը՝ 1.5 մլրդ դոլար կարողությամբ, զբաղեցնում է 1,929-րդ հորիզոնականը։
Ամսագրի տվյալներով՝ համաշխարհային շուկայի անկայունությունը, որն առաջացել է, առաջին հերթին կորոնավիրուսի համավարակի և Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով, այս տարվա ցուցակում զգալիորեն կրճատել է միլիարդատերերի թիվը:
Այնուամենայնիվ, մոլորակի ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ ունեն 12,7 տրիլիոն ԱՄՆ դոլար։
Վարկանիշային ցանկն առաջին անգամ գլխավորել է Իլոն Մասկը։ Նրա կարողությունը, որը հասել է 219 միլիարդ դոլարի, նրան թույլ է տվել 171 միլիարդ դոլարով առաջ անցնել Ջեֆ Բեզոսից։
Այս տարի Forbes-ը 2668 միլիարդատեր է հաշվել ամբողջ աշխարհում։ Սա 87-ով պակաս է նախորդ տարվանից։
Հիշեցնենք, որ Էդուարդո Էռնեկյանը ծնվել է հայ գաղթականների ընտանիքում։ Արգենտինայում Էռնեկյանների ընտանիքը տեքստիլ ձեռնարկություն է հիմնել։ Գործարարը երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։ Նրա հետ աշխատում են Մարտին և Ուգո Էռնեկյանները՝ նրա մահացած եղբոր՝ Ալբերտոյի որդիները։
Էռնեկյանի կարողությունը 2013թ.-ին գնահատվել է 1,8 մլրդ դոլար։ Այս պահին նա այս կամ այն չափով վերահսկում է աշխարհի 49 օդանավակայան (Արգենտինա, Իտալիա, Հայաստան, Էկվադոր, Պերու, Բրազիլիա, Ուրուգվայ և այլն), ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր տարածքի սեփականատեր է։ Էդուարդո Էռնեկյանի ամենահայտնի ձեռնարկություններն են Aeropuertos Argentina 2000-ը և Corporación América-ն:
Էդուարդո Էռնեկյանը Americas Society-ի կողմից արժանացել է Ոսկե մեդալի