ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում տեղադրվեց Արցախի պետական դրոշը։ Այն մի աղջնակ բարձրացրեց։
Էջմիածնեցիները ևս արձագանքել են Երևանի Ազատության հրապարակում ընդդիմության հայտարարած հանուն Արցախի և Հայաստանի պայքարին։
Նախաձեռնությանը ներկա են Էջմիածնի ավագանու ընդդիմադիր անդամները, ինչպես նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավոր Արամ Վարդևանյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը և այլ քաղաքացիներ։
«Մեր նպատակն է այսօրվա «չիշխանություններին» և ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Արցախը զուտ աշխարհագրական տարածք չէ, այլ մեր հայրենիքի մի մասը, ինչպես Արմավիրը, Էջմիածինը, Գյումրին և մյուս բնակավայրերը։ Մեր պայքարը շարունակական է լինելու»,– նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Սեյրան Օհանյանն էլ նկատեց, որ Արցախի դրոշը բարձրացվեց Մայր տաճարի դիմաց։ Նրա խոսքով` Արցախն այն խորհրդանիշն է, որ միշտ հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ միասնականության հիմքն է եղել։
«Այսօր, չափազանց բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք, և հայ ժողովրդի համար նման իրավիճակը նոր չէ: Հայաստան–Արցախ կուռ միասնությունն Արցախյան առաջին պատերազմից հետո բավականին լուրջ հիմք էր, որը ՀՀ իշխանություններն օգտագործում էին և՛ միջազգային, և՛ ազգային երաշխիքներ ձևավորելու համար։ Այսօր` 44-օրյա պատերազմում հայ ժողովրդի պարտությունից հետո, երբ համապատասխան գնահատական չի տրվել Ադրբեջանի կողմից սանձազերծած հանցագործ պատերազմին, ՀՀ իշխանությունները կուրորեն գնում են դեպի խաղաղության դարաշրջան»,– նշեց Օհանյանը։
Նա ընդգծեց` Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ինչպես նաև շեշտեց` Ադրբեջանն ինքը չի ցանկանում Հայաստանի և Արցախի հետ խաղաղ համակեցությամբ ապրել։
Իգոր Սարգսյանն էլ ասաց, որ հայ ժողովրդի մոտ կորել է հավատն իր ոգու ու արժեքների նկատմամբ, քանի որ տարբեր ուժեր մտան Հայաստան ու ջլատեցին այդ ամենը։
«Այն, որ այսօր Էջմիածնի կենտրոնում`այս սուրբ վայրում տեղադրվեց Արցախի դրոշը, իրենից ենթադրում է պայքարի սկիզբ` հանուն հավատքի և հայ ժողովրդի ապրելու։ Առ Աստված հավատքը հանգեցնելու է մեզ հաղթանակի, մենք կապացուցենք, որ արևի տակ մեր գոյությունը հիմնավորված է»,– նշեց ՀՅԴ ԳՄ անդամը։
Նշենք, որ օրերս Երևանի կենտրոնում տեղադրված դրոշը «Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչները ներկել էին, իսկ Վանաձորում և Արտաշատում անհայտ անձինք հանել էին։ Բոլոր դրոշները կրկին վերականգնվել են։
Հիշեցնենք` ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել։ Այնուհետև նրանք 1 ժամով փակել էին Ֆրանսիայի հրապարակի 4 մուտքերը և այնտեղ Արցախի դրոշը բարձրացրել։