ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլ – Sputnik. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ապրիլի 10-ին, ժամը 01։36-ին տեղի է ավտովթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել հրշեջ–փրկարարական 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի սկզբնամասում բախվել են «Opel» (վարորդ՝ Ա․ Գ․) և «VAZ-2107» (վարորդ՝ Հ․ Ե․) մակնիշների ավտոմեքենաները»,– նշված է հաղորդագրությունում:
Մինչ փրկարարները հասել են դեպքի վայր, «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Հ․-ն (ծնված 2003 թ․), Ն․ Խ․-ն (ծնված 2003 թ․), Ֆ․ Ա․-ն (ծնված 2004 թ․) և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս․ Ք․-ն (ծնված 2006 թ․), Լ․ Թ․-ն (ծնված 2004 թ․), Հ․ Գ․-ն (ծնված 2004 թ․) և Ս․ Թ․-ն (ծնված 2004 թ․) հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
18-ամյա Ֆ․Ա․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր ու տեղափոխել են նրան Երևանի «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: