Ռուս խաղաղապահները տեղակայվել են նաև Քարագլխի հատվածում. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահը հայտնել է, որ Քարագլխի հատվածում ռուս խաղաղապահներից բացի նաև ՊԲ ստորաբաժանումներ ու կամավորականներ կան։ Ադրբեջանական ստորաբաժանումները, սակայն, չեն հեռացել այնտեղից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Երեկվանից ռուս խաղաղապահները տեղակայվել են նաև Քարագլխի հատվածում։ Արցախի կառավարության այսօրվա նիստի ժամանակ տեղեկությունը հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, տեղեկանում ենք Արցախի հանրային հեռուսատատեսությունից։
«Ռուս խաղաղապահները ոչ միայն Փառուխի, այլ երեկվանից արդեն Քարագլխի հատվածում են։ Այսինքն` այդ լեռնաշղթայի վրա հիմնականում մեր պաշտպանության բանակի ստորաբաժանումները, կամավորականները, խաղաղապահները և որոշ բարձունքներում էլ` ադրբեջանական ստորաբաժանումները»,–ասել է Հարությունյանը։
Նա, անդրադառնալով Փառուխ գյուղի տարածք ադրբեջանական ԶՈւ–ի ներխուժմանը, հայտնել է, որ շփման գծում լարվածությունը թուլացնելու նպատակով մեր դիրքապահներին փոխարինել են ռուս խաղաղապահները։ Հարությունյանի խոսքով` նման նախադեպ է նաև Եղծահողում, Մատաղիսի, Թաղավարդի հւատվածում։
ԱՀ նախագահն ասել է` շփման գծի լարված տարածքներում, որտեղ հետագայում մեր դիրքերը փոխարինվել են խաղաղապահ ուժերով, որոշակի կայունություն և ավելի հանգիստ իրավիճակ է գրանցվել։

«Ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի՝ դիրքեր չպետք է լինեն ո՛չ մեր, ո՛չ Ադրբեջանի կողմից։ Սակայն քանի որ խաղաղապահների քանակը բավարար չէ, իսկ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են ոչ միայն տեղակայվել, այլ մշտապես կրակի տակ պահել շփման գիծը և դրա հարևանությամբ գտնվող բնակավայրերը՝ մենք նույնպես շարունակում ենք մարտական հերթապահություն իրականացնել»,–ասել է Հարությունյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի գնալը չի նշանակում որևէ տարածքից հրաժարվել։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայող է վիրավորվել։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց նրանք շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։