ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի մասին գործընթացներին: Պուտինն այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին: Զրուցակիցները կարևորել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի մասին պայմանավորվածությունների կատարումը:
«Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը: Փաշինյանն արտահայտել է հայկական կողմի ակնկալիքը, որ ռուս խաղաղապահները կոնկրետ միջոցներ ձեռնարկեն ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Ապրիլի 7-ին կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտնել էր, որ Ալիևի հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Արցախի Փառուխ գյուղում ստեղծված իրավիճակի մասին։ Սակայն, ըստ նրա, այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի։
Փաշինյանը հավելել էր` այդ հարցն ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ։
Հայտնել էինք, որ Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայող է վիրավորվել։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց նրանք շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։