ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Եվրամիության երկրները պատժամիջոցների ֆոնին դադարեցրել են իրենց տարածք թողնել Ռուսաստանում ու Բելառուսում գրանցված ավտոտրանսպորտային միջոցները: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը։
«2022 թվականի ապրիլի 8-ից Եվրամիության Ռուսաստանի Դաշնությանն ու Բելառուսի Հանրապետությանը սահմանակից երկրների մաքսային ծառայությունները, հղում անելով պատժամիջոցային հինգերորդ փաթեթին, դադարեցրել են նշված երկրներում գրանցված ավտոտրանսպորտի մուտքը ԵՄ տարածք», - նշված է հաղորդագրության մեջ:
Դաշնային մաքսային ծառայությունում պարզաբանել են, որ նոր պատժամիջոցներն անդրադարձել են ԵՄ տարածքով ավտոմոբիլային բեռնափոխադրումներին, այդ թվում՝ տարանցիկ: Այժմ ռուսական ու բելառուսական գրանցման նշաններով միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցները չեն կարողանա բեռներ տեղափոխել ԵՄ երկրների տարածքով:
Գերատեսչությունում ավելացրել են, որ սահմանափակումները դեռ չեն տարածվում ավտոմոբիլային բեռնափոխադրումների վրա, որոնք իրականացնում են դեղագործական, բժշկական, սննդի ու գյուղատնտեսական արտադրանքի, այդ թվում՝ ցորենի առաքում, ինչպես նաև էներգակիրների, գունավոր մետաղների ու պարարտանյութերի առաքում:
«Կալինինգրադի մարզ տարանցումը դեռ պահպանվում է, բայց միայն այն ավտոտրանսպորտի համար, որը գրանցված է Ռուսաստանի Դաշնությունում», - ավելացրել են գերատեսչությունում:
Եվրամիության նոր պատժամիջոցների մասին հայտնի է դարձել ապրիլի 8-ին։ Տրանսպորտի մասով սահմանափակումները կապված են ռուսական ու բելառուսական բեռնատարների համար սահմանների փակման հետ (բացառությամբ էներգառեսուրսների ու պարենի) և ռուսական նավերի համար նավահանգիստների հետ (բացառությամբ էներգառեսուրսների ու պարենի):