ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնելու ապրիլի 19-ին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը` հավելելով, որ այսօր Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել տարբեր հարցեր։
«ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև երկու երկրների տնտեսական փոխգործակցության հարցերին ու պայմանավորվել, որ նաև այս հարցերը մանրամասն կքննարկեն ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարելիք պաշտոնական այցի ընթացքում»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտնել էր` ապրիլին պաշտոնական այցով Ռուսաստան կմեկնի։ Այս տարի լրանում է մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակը։ Նրա խոսքով` հենց այս կապակցությամբ է ապրիլին նախատեսված իր այցը Ռուսաստանի Դաշնություն։