ՌԱԴԻՈ

Մինսկի խումբը կազմալուծվում է, ի՞նչ կանեն Հայաստանն ու Ադրբեջանը. պատասխանում է քաղաքագետը

Քաղաքագետ Նորայր Դունամալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության վերաբերյալ։
Sputnik
Հիմա արցախյան հակամարտության բանակցային գործընթացի մի քանի ձևաչափ կա, և դրանց միջև առկա է մրցակցություն։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Նորայր Դունամալյանը՝ խոսելով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի այն հայտարարության մասին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են ՌԴ–ի հետ արցախյան հարցով շփվելուց, հետևաբար, կարելի է ասել, որ Մինսկի խմբի ձևաչափը կարող է չեղարկվել։

«Դա ավելի շատ կապված է Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտության հարցի հետ։ Մյուս կողմից էլ պետք է ասել, որ Մինսկի խմբի գործունեությունը 44–օրյա պատերազմից հետո կանգնեցվել է»,- մանրամասնեց քաղաքագետը։

Այս իրավիճակում, երբ Արևմուտք-Ռուսաստան շահերի բախում կա, հակամարտության հիմնական բանակցողները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, իրենք պետք է փորձեն իրենց համար լուծումներ գտնել։ Ըստ Դունամալյանի՝ Հայաստանի դիրքորոշումն այս իրավիճակում բավականին խոցելի է, իսկ Ադրբեջանը փորձում է երկխոսության մեջ մտնել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ։
«Կողմերը կարող են փորձել որոշ հնարավորություններ կորզել իրենց համար, բայց հնարավորությունները Հայաստանի համար շատ քիչ են։ Քանի որ ՀՀ-ն կոնկրետ դիրքորոշում չունի կամ չի հրապարակում այդ դիրքորոշումը, ապա կարող է զոհ դառնալ, երբ որևէ կողմ, դառնալով ավելի դոմինանտ, ստիպի Հայաստանին ընտրություն անել։ Ադրբեջանի դեպքում կա մի քանի խաղաքարտ. էներգառեսուրսները, դրանց հետ կապված տարբեր լծակներ, ենթակառուցվածքային հարցը՝ Հյուսիս-հարավը։ Այսինքն՝ Ադրբեջանն ավելի շատ հնարավորություններ ունի, բայց դա կբերի նրան, որ բոլոր կողմերը փորձելու են իրենց շահը ներկայացնել» ,- ասաց Դունամալյանը։
Խաղաղություն, բայց ինչպիսի՞ն. բրյուսելյան պայմանավորվածությունների մեծ հարցականները
Քաղաքագետի կարծիքով` Արևմուտքի ու Ռուսաստանի հիմնական ազդեցությունը լինելու է բանակցային գործընթացի վրա. եթե ԵՄ-ն կամ Արևմուտքն առաջարկեն լուծում, Ռուսաստանը կփորձի, օրինակ, նույն սահմանազատման հարցում որոշ կերպով ազդել գործընթացի վրա։
«Եթե մինչ այս Ղարաբաղյան հակամարտությունը դիտարկվում էր որպես կոնսենսուսային Արևմուտքի ու ՌԴ միջև, այսօր տեսնում ենք, որ այդ գլոբալ հակամարտությունն այստեղ ևս արտահայտվում է»,- հավելեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Մոսկվայում ՀՀ արտգործնախարարի հետ ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ճակատագիրն անհայտ է, քանի որ ԱՄՆ–ի և Ֆրանսիայի գործընկերները, «ռուսաֆոբիայի թնջուկի մեջ խճճված», հրաժարվում են ՌԴ գործընկերների հետ աշխատել անգամ այդ ձևաչափում։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակի ճակատագիրն անհայտ է. Լավրովը բացատրել է` ինչու
Լավրովն ընդգծել էր՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ոչ միայն այս հակամարտությունը, այլև երկրի վրայի մնացած բոլոր հակամարտություններն իրենց ռուսատյաց քաղաքականության պատանդն են դարձնում՝ ստիպելով բոլորին դադարեցնել փոխգործակցությունը բոլոր ձևաչափերով, որպեսզի թելադրեն իրենց միակողմանի կամքը: