Խաչատուր Սուքիասյանը դեմ է, որ իր թիմակից Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետ դառնա

«Հրապարակը» գրում է` Խաչատուր Սուքիասյանը նեղացած է Տիգրան Ավինյանից, քանի որ նա ժամանակին քննադատել է Սուքիասյանին ԱԺ–ում ընդգրկելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Նախկին փոխվարչապետ, Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանն արդեն սկսել է ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Վերջին օրերին նա ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր անձանց և կուսակտիվի հետ։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
Թերթի տեղեկություններով` նախորդ օրն Ավինյանն Էրեբունիում էր, մի քանի օր առաջ Արաբկիրում մեդալ էր շնորհում Տիգրան Մանսուրյանին և այլն։
«ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ` Երևանի ընտրությունները կարող են այս տարի կայանալ, գուցե անգամ մինչև աշուն, քանի դեռ կուսակցությունը որոշակի ռեյտինգ ունի։ Բայց ՔՊ-ում այնքան էլ միանշանակ չի ընդունվում Ավինյանի թեկնածությունը՝ շատերը կարծում են, որ նա չի անցնի»,–գրում է թերթը։
Ավինյանին դեմ է, մասնավորապես, Խաչատուր Սուքիասյանը, որը վիրավորված է Փաշինյանից, որ նա 33-ամյա Ավինյանին նախընտրել է իրենից։ Նա չի մոռացել, որ Ավինյանը բացահայտ քննադատեց ՔՊ-ին իրեն ԱԺ ցուցակ մտցնելու համար (բիզնեսը քաղաքականություն բերելու համար), և ինքն էլ դուրս գալով կառավարությունից՝ հրաժարվեց մասնակցել ընտրություններին։
Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնում է նաև գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, որը փորձում է բարձրացնել իր ռեյտինգը և ապացուցել, որ ինքն ավելի շատ ձայն կստանա, քան Ավինյանը:
Մետրոյի Աջափնյակ կայարանը` ճոխություն. ինչ լուծումներ է Երևանի համար առաջարկում քաղաքապետը
Հիշեցնենք, որ ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Երևանի առաջիկա ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական կուսակցության» ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը։ Նա այժմ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնն է զբաղեցնում։
Հավելենք, որ 2020-ի դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով։
Նրա փոխարեն դեկտեմբերի 25–ին Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնեց Հրաչյա Սարգսյանը։