ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ապրիլի 9-ի դրությամբ ՀՀ է ներկրվել 5400 տոննա պարարտանյութ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Նշվում է, որ պարարտանյութը մատակարարվել է ՀՀ մարզերին։
Նախարարությունը, միաժամանակ, հերքում է մամուլում տարածվող լուրերը, համաձայն որոնց` 2022 թվականի մարտի 3-ին կառավարության կողմից հաստատված պարարտանյութի սուբսիդավորման ծրագիրը չի իրականացվելու։
«Պարարտանյութերի ներկրումը ՀՀ և մատակարարումը մարզեր ընթացքի մեջ է․ ծրագիրը կիրականացվի ՀՀ բոլոր մարզերում: Մատակարարների կողմից պարարտանյութերի վաճառքը կտևի մինչև հունիսի 15-ը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ըստ ծրագրի` պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։ Եվ կսուբսիդավորվի կամ կփոխհատուցվի մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50%-ը, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը։
Նշենք, որ հայաստանյան շուկայում վերջին ամիսներին գյուղատնտեսական պարարտանյութերի գինը 75-80 տոկոսով թանկացել է։ Եթե մեկ տարի առաջ գյուղացին պարարտանյութը գնում էր 7000 դրամով, ապա հիմա 19 000 դրամով գտնելիս իրարից հարցնում են`որտեղից են գնել, քանի որ ավելի թանկ գնով վաճառողներ էլ կան։