«Ռոսսոտրուդնիչեստվոյի» հրավերով Երևան էր այցելել Մոսկվայի պետական ինստիտուտի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, քաղաքական գիտությունների թեկնածու Անդրեյ Սուշենցովը, որը նաև «Վալդայ» միջազգային բանավիճի ակումբի ծրագրային տնօրենն է: Նա հանդիպել է հայ փորձագետների հետ և ասել է՝ ինչպես է կառուցվում Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն ուկրաինական ճգնաժամի համատեքստում։ Ռուս փորձագետը հայ գործընկերներից ստացած իր տպավորությունների մասին պատմել է Sputnik Արմենիային։
Հայաստանն ու խաղաղությունը
Երևանում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ինձ թվաց, թե հայ գործընկերները ներկայացնում են եվրոպական մի փոքր պետության վերնախավը, որը անվտանգության որևէ սպառնալիքներ չունի։ Այնպիսի զգացողություն էր, որ մենք շփվում էինք, ասենք, Սան Մարինոյում կամ Բրյուսելում։ Այն հարցին, թե ով է Հայաստանի կենսունակությանը սատարող գլխավոր արտաքին գործընկերը, մշուշոտ պատասխաններն էին տալիս, որ աշխարհը բարդ է, պետք է նայել և՛ դեպի արևմուտք, և՛ դեպի արևելք։ Բայց հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանությունը չպետք է հիշեցնի ամերիկա-բելգիական հարաբերությունների տրամաբանությունը։ Ակնհայտ է, որ դա ամերիկա-իսրայելական ձևաչափն է։ Հայաստանը, ինչպես և Իսրայելը, գտնվում է շատ բարդ միջազգային միջավայրում։ Իսրայելում խիստ ամերիկամետ տրամադրություններ կան։ Կա՞ արդյոք Հայաստանում նույն տրամադրվածությունը Ռուսաստանի նկատմամբ։ Հարավային Կովկասում խաղաղությունը Կրեմլի երկարաժամկետ նպատակն է։
Մոսկվան հավատարիմ է Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորություններին և նույնպիսի դիրքորոշում է ակնկալում Հայաստանից։ Համենայնդեպս, հանրային հարթությունում բարեկամ Երևանից պետք է հնչեն ոչ թե երկիմաստ, այլ վառ արտահայտված հայտարարություններ այն մասին, թե ինչ է անում Ռուսաստանը։ Եթե այդ առումով Հայաստանին ու Իսրայելին համեմատենք, ապա Միացյալ Նահանգները միաժամանակ զենք է վաճառում Թել Ավիվին ու արաբական երկրներին։ Բայց Իսրայելում ԱՄՆ-ի հասցեին կշտամբանքներ չեն լսվում։ Այնտեղ մարդիկ հստակ հասկանում են կոորդինատային համակարգը։
Հակամարտությունների ժամանակ հենց հրեաները, ոչ թե ամերիկացիները պարտության մատնեցին իրենց հարևաններին։ Սեփական շահերի պաշտպանությանը հարցում Իսրայելում կա լուրջ մոտիվացիա։ Բանակ են զորակոչվում և՛ տղաները, և՛ աղջիկները։ Նրանք չունեն շքերթի համար նախատեսված համազգեստ։ Իսրայելական բանակում ռազմական համազգեստը երկու տեսակի է՝ ռազմական և միջռազմական ժամանակների։ Այնտեղ կա մարդկանց խումբ, որը կոչվում է զելոտներ։ Նրանք բնակավայրեր են կառուցում այն տարածքներում, որոնք պետությունը չի կարող պաշտպանել։ Դա հարգանք է ծնում։ Նրանք չեն խնդրում ԱՄՆ-ին միջամտել ու ջախջախել բոլոր հարևաններին։ Միացյալ Նահանգները, բնականաբար, Իսրայելին աջակցում է հետախուզական տվյալներով, ռազմատեխնիկական միջոցներով, վարժեցնում են նրանց բանակը, բայց միևնույն ժամանակ տեղական ռազմարդյունաբերական համալիրը արտադրում է ՀՕՊ-ի կատարյալ համակարգեր, դրոններ, հետախուզական համալիրներ, կիբեռենթակառուցվածք: Նրանց զինված ուժերն առաջատար են Մերձավոր Արևելքում, ու դա ստիպում է հաշվի նստել նրանց հետ։
Իսկ Հայաստանը սպառազինության ժամանակակից ի՞նչ համակարգեր է ստացել ԱՄՆ-ից: Միայն բարձր հավաստիացումներ եղան։ Արդյո՞ք 2020 թվականի պատերազմի ժամանակ Վաշինգտոնը ինչ-որ կերպ ազդել է Թուրքիայի կամ Ադրբեջանի վրա։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ու նրանք հանգամանորեն տեղեկացրել են ԱՄՆ-ին իրենց բոլոր քայլերի մասին։ Եթե համեմատենք Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն Իսրայելի հետ, ապա Երևանում հաճախ եմ լսում. «Մենք դաշնակիցներ ենք, բայց մենք բազմավեկտոր քաղաքականություն ունենք։ Մենք հարաբերություններ ենք պահպանում թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ-ի հետ։ Նրանք Մինսկի խմբի անդամներ են, մենք այնտեղ մեծ համայնքներ ունենք, մեր հայրենակիցներն ազդում են քաղաքական գործընթացների վրա։
Բայց այդ ազդեցությունն ակնհայտորեն արտահայտվեց 2020-ի աշնանը հայկական դրոշի գույներով ներկված քաղաքապետարանների, սոցիալական ցանցերում պրոֆիլի լուսանկարների, կոչերի ու դատապարտումների մեջ։ Բացի դրանից ուրիշ ինչ-որ բան եղե՞լ է։ Միթե ինչ-որ մեկը հետախուզական, ռազմական տեխնիկա է մատակարարել, Ադրբեջանի հետ սահմանին հրթիռներ արձակելով զորավարժություններ է անցկացրել և միջամտելու պատրաստակամություն է ցուցաբերել։
Ռուսաստանն ու Արևմուտքը
Աշխարհում հիմա խոշորագույն ճգնաժամ է, որը կձևավորի Եվրոպայի և Ռուսաստանի անվտանգության ապագան։ Լարվածությունը հետևողականորեն սրվում էր վերջին 30 տարիների ընթացքում, և այդ ճգնաժամը երկու գլխավոր շերտեր ունի՝ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները և Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունները։ Արևմուտքի հետ հարաբերությունների տրամաբանությունն այս բոլոր տարիներին բավական ուղիղ էր։ Արևմուտքն անընդհատ ճնշում էր գործադրում՝ ռազմական ենթակառուցվածքը մոտեցնելով ռուսական սահմաններին։ Ի պատասխան ռուսական առարկություններին, ասվում էր, որ «դա բնական գործընթաց է, ու մենք կարող ենք անտեսել ձեր առարկությունները»:
Հայտնի է ԱՄՆ նախագահ Բուշի ու Վլադիմիր Պուտինի քննարկումը Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման պլանի վերաբերյալ, երբ Բուշն ասում էր, որ այն ուղղված է Իրանի դեմ, իսկ Պուտինը առարկում ու կոչ էր անում նայել քարտեզին, որտեղ ՀՀՊ-ի տեղակայման գոտին չգիտես ինչու գտնվում է ռուսական սահմանների մոտ, ոչ թե Մերձավոր Արևելքում: Բուշն այն ժամանակ հոգնել էր քննարկելուց ու պատասխանել երեք մասից կազմված նախադասությամբ․«Վլադիմիր, մենք թշնամիներ չենք, ուստի արեք ինչ ուզում եք, մենք էլ կանենք այն, ինչ ուզում ենք»: «Մենք թշնամիներ չենք» արտահայտությունը նշանակում էր, որ ԱՄՆ-ը դիտավորյալ չի խախտի ռուսական շահերը, բայց եթե այնպես ստացվի, որ դրանց, այնուամենայնիվ, վնաս հասցվի, ապա «կներեք, մենք ոչ մի վատ բան նկատի չունեինք»։
«Արեք ինչ ուզում եք» արտահայտությունը ցույց էր տալիս Վաշինգտոնի վստահությունը, որ Մոսկվայի ցանկացած նախաձեռնություն ԱՄՆ շահերին չի վնասի։ Ուժերի հավասարակշռությունն այնպիսին էր, որ Ռուսաստանը զգալիորեն ավելի թույլ էր, ու Արևմուտքն ինչ կուզեր, կաներ։ Մոսկվան Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած քայլի վետոյի իրավունք չունի։ Սա է ամերիկյան գործողությունների տրամաբանությունը։ Ռուսաստանը դրա հետ երբեք համաձայն չի եղել։ Բանն այն է, որ ամերիկացիներն իրենց շահերը ոչ խաղաղ միջոցներով են առաջ տանում։ Որտեղ խնդիրներ են ունենում, նրանք չեն ամաչում ուժ կիրառելուց։ Դա խիստ անհանգստացնում է այն երկրներին, որոնք ձգտում են արտաքին քաղաքականության մեջ ինքնավարություն ունենալ։
Ամերիկացի դիվանագետներն ինչ-որ պահի սկսեցին արդարացիորեն նկատել, որ Մոսկվան ավելի ու ավելի նյարդայնանում ու պատրաստ է կտրուկ պատասխան տալ, այդ թվում՝ հարաբերությունների խզմամբ։ Ամերիկյան մարտավարությունը՝ վատ լուրերը մաս-մաս ասել, մինչև որոշ պահի աշխատել է։ Բայց երբ հավաքական Արևմուտքի ուժերն արդեն շատ մոտեցան են ռուսական սահմաններին և սկսեցին դիպչել կենսական շահերին, որոնք Ռուսաստանը չի կարող զոհաբերել, օղակն այնքան է սեղմվեց, որ միանգամից «պայթեց»։
Ռուսաստանը և Ուկրաինան
Ճգնաժամի երկրորդ շերտն Ուկրաինան է։ Ռուսաստանի համար Ուկրաինայի հանդեպ քաղաքականությունն այնքան էլ արտաքին չէ, քանի որ երկրների միջև կապերը միայն մասամբ են միջազգային։ Ռուսաստանը և Ուկրաինան երկու մտերիմ ու շատ հարազատ երկրներ են։ Երբ տաճարներ են խլում Ռուս ուղղափառ եկեղեցու քահանաներից, արգելում են կուսակցությունների գործունեությունը, սպանում ընդդիմադիրներին, ապա դա Ռուսաստանում անմիջապես համազգային մակարդակի նորություն է դառնում։ Ցանկացած ռուս քաղաքական գործիչ կարող է հայտարարել, որ Կրեմլը բավարար չափով չի պաշտպանում իր հայրենակիցներին։ Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, հետաձգված քաղաքացիական պատերազմ է։ Դրա համար հիմք է դարձել ուկրաինական ներքին բանավեճում արևմտամետների հաղթանակը։ Նրանք սկսեցին երկիրը ձևափոխել միասնական արևմտյան ստանդարտով`ստեղծելով Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ի դեմ կռված հերոսների պանթեոն։
Ռուսաց լեզվի իրավունքների ոտնահարմամբ, ամբողջ երկրի տարածքում արևմտա-ուկրաինական ինքնության պարտադրմամբ։ Իսկ այն պահին, երբ սպանում են ռուսներին, Ռուսաստանը չի կարող չմիջամտել։ Ստիպված է պաշտպանել նրանց շահերը։ Ուկրաինային չի կարելի թերագնահատել։ Այն մեծությամբ Եվրոպայի երկրորդ պետությունն է՝ 44 մլն բնակչությամբ։ Զինված ուժերում կա 220-240 հազար մարդ՝ չհաշված ՆԳՆ ստորաբաժանումները, սահմանապահներին և այլ հատուկ ծառայությունները։ Սա ՌԴ ԶՈւ թվաքանակի մեկ քառորդն է։
Ուկրաինական բանակը լավ զինված է ու շատ մարտունակ։ Ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ Ուկրաինան ուներ մինչև երկուսուկես հազար տանկ ու ծանր զրահապատ տեխնիկա։ Փաստացի, Ռուսաստանից և Թուրքիայից հետո Ուկրաինան Եվրոպայում քանակությամբ երրորդ բանակն ուներ։ Երկիրը լավ զինված էր զինատեսակներով, որոնք տրամադրել էր Արևմուտքը։ Երեսուն հազար մարտիկներ վերապատրաստվել էին ՆԱՏՕ-ի հրահանգիչների կողմից։
Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը միշտ նպատակ է ունեցել զարգացնել սեփական հրթիռային ծրագիրը։ Այս գործընթացի տրամաբանությունը այն էր, որ Կիևը կարող էր կեղտոտ ատոմային ռումբ ստեղծել։ Արևմուտքի համար, իհարկե, շատ հարմար է նման լավ գործիք ունենալ Ռուսաստանի ուշադրությունը մոտակա հարևանի վրա կենտրոնացնելու և բարկացնելու համար։ Բայց կրիտիկական պահին Ուկրաինան մարտահրավերների հետ մենակ մնաց։ Կային միայն չնչին աջակցության միջոցներ։ Դա բացահայտեց արևմտյան քաղաքականության էժան տրամաբանությունը՝ Ուկրաինայի հանդեպ պարտավորություններ չվերցնելով, զինելով նրան`դրդելով Ռուսաստանին խորապես և երկար ժամանակով ներքաշել Կիևի հետ հարաբերությունները պարզելու մեջ։
Հիմա բանակցային գործընթացի ընթացքում երևում է, որ Բրիտանիան և ԱՄՆ-ն բացահայտ խաղում են այդ հակամարտության ձգձգման վրա։ Նրանց պետք է, որ Ռուսաստանը հնարավորինս շատ ռեսուրսներ ծախսի ու փչացնի հարաբերությունները Եվրոպայի հետ։ Նրանք հասկանում են, որ այդ ճգնաժամի արդյունքում ԱՄՆ-ն, միևնույնն է, Ռուսաստանի հետ է քննարկելու եվրոպական անվտանգությունը, դրա նոր կառուցվածքը։ Ըստ էության, դա արվում է հիմա Ուկրաինայի հաշվին։
Հարցազրույցի տեսագրության ամբողջական տարբերակը կարելի է դիտել այստեղ: