COVID-ի դեպքերը ՀՀ–ում նվազել են, սակայն համավարակը չի չեղարկվել. մասնագետների խորհուրդը

Ներկայում հնարավոր չէ կանխատեսել, թե երբ կորոնավիրուսային վարակը կընկալվի որպես սեզոնային գրիպ։ Համաճարակաբանները շարունակում են պնդել, որ պատվաստումն անհրաժեշտ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը կայունացել է, հայտնաբերված դեպքերի թիվը վերջին երկու շաբաթվա ընթացքում 70 տոկոսով նվազել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։
Մարտի 23-ից սկսած՝ մեկ օրում հայտնաբերված COVID-19 դեպքերի թիվը չի գերազանցում 25-ը: Ավելին, վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են օրեր, երբ կորոնավիրուսից մահվան ոչ մի դեպք չի գրանցվել։
Աբովյանը նշեց, որ հիվանդության տարածման տեմպերը դանդաղել են, սակայն դա զգոնությունը թուլացնելու առիթ չէ, քանի որ համավարակը դեռ չի անհետացել:
«COVID-19–ի վերարտադրության գործակիցը վերջին 14 օրվա ընթացքում (ապրիլի 8-ի դրությամբ) կազմել է 0,7։ Սա նշանակում է, որ վարակի տարածման տեմպերը բավականին դանդաղ են։ Նվազել է նաև թեստ հանձնողների ընդհանուր քանակի մեջ դրական թեստերի թիվը», - ասաց Աբովյանը։
Այսինքն, եթե դեռ մարտի սկզբին այդ թվերը մեկ օրում 2.1 տոկոս էին կազմում, ապա այժմ դրական թեստերի ցուցանիշը նվազել է մինչեւ 0,7 տոկոս։ Բացի այդ, Հայաստանը Եվրոպական միության չափանիշներին համապատասխան մտել է «կանաչ» գոտի։ Տարածման տեմպերի դանդաղումը հանգեցրել է նաև մահերի թվի նվազմանը։ Աբովյանը նշեց, որ արձանագրված դեպքերը նվազել են նաև բոլոր մանկապատանեկան խմբերում:
«Covid–ի դեմ ամենալավը հիբրիդային իմունիտետն է՝ պատվաստված + վարակված»․ համաճարակաբան
Մասնագետի կարծիքով՝ սա կորոնավիրուսային վարակի նկատմամբ համալիր մոտեցման արդյունք է (երկրում ընդունված սահմանափակումներ, պատվաստումներ,-խմբ.)։ Ցուցանիշների վրա ազդում է նաև այն, որ շատ քաղաքացիներ, հատկապես պատվաստված, եթե նույնիսկ հիվանդանում են, վարակը հեշտությամբ են տանում ու այլև թեստավորման չեն դիմում:
Աբովյանը հիշեցրեց, որ այսօր շատ երկրներում (Չինաստան, ԵՄ մի շարք երկրներ,-խմբ.) նկատվում է COVID-ի նոր ալիքի պոռթկում։ Մասնագետները հայտարարել են «օմիկրոն» շտամի նոր ենթատեսակի տարածման մասին, սակայն առայժմ դրա կլինիկական ընթացքի հետազոտություններ ու ապացույցներ չկան:
«ԱՀԿ-ն առայժմ կոչ է անում պահպանել հակահամաճարակային նորմերն ու կանոնները, զգոն լինել սահմանափակումների պահպանման հարցում, որ չնախատեսված իրավիճակներ չլինեն։ Մենք պետք է հիշենք, որ այս հիվանդության հարուցիչը տարբերվում է մյուսներից, քանի որ չի ենթարկվում համաճարակաբանական օրինաչափություններին», - ասաց Աբովյանը։
Նա խորհուրդ է տալիս բնակչությանը շարունակել պահպանել հակահամաճարակային նորմերը՝ դիմակներ դնել մարդկանց մեծ կուտակումների վայրերում, ախտահանել ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորությունը։
Նրա խոսքով՝ քաղաքացիները չպետք է մոռանան, որ համավարակը չի ավարտվել, ավելին՝ այն չի էլ չեղարկվել։ Աբովյանը կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ միջոց է համարում պատվաստումը, ինչպես նաև բուստերային չափաբաժի ստացումը այն դեպքում, երբ քաղաքացիներն արդեն երկու դեղաչափ ստացել են:
Համաճարակաբան Արման Բադալյանն, իր հերթին, Sputnik Արմենիային տված հարցազրույցում քաղաքացիներին խորհուրդ է տալիս կորոնավիրուսի դեմ երրորդ բուստերային չափաբաժին ստանալ:
«Մենք շարունակում ենք հետևել տարբեր շտամների ձևավորմանը՝ «Օմիկրոնի» ենթատեսակներ, «Օմիկրոնի» ու «Դելտայի» սիմբիոզը։ Թե դրանցից յուրաքանչյուրն իրեն ինչպես կդրսևորի, դեռ պարզ չէ», - ասաց Բադալյանը։
Նրա խոսքով՝ բուստերային դեղաչափը թույլ կտա պաշտպանել օրգանիզմը, եթե վիրուսի տարածման տեմպերը սկսեն աճել: Բադալյանը կորոնավիրուսը համարում է շարունակական գործընթաց, որին վաղ թե ուշ կսկսեն որպես գրիպի վերաբերվել:
Միևնույն ժամանակ, ինչպես նաև սուր շնչառական բիվանդություների դեպքում, չպետք է մոռանալ, որ այն կարող է բարդություններ առաջացնել ու մահվան հանգեցնել:
Հայտնաբերված առաջին դեպքից առ այսօր Հայաստանում գրանցվել է 422 643 COVID վարակակիր:
Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 11-ը արտակարգ դրության ռեժիմ է գործել: Այնուհետև մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը կարանտին է սահմանվել: Կառավարության որոշմամբ` այն երկարացվել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20 -ը, իսկ հաջորդ որոշմամբ՝ մինչև 2022 թվականի հունիսի 20-ը։