Ազատության հրապարակում հանրահավաք է, իսկ Օպերայի մոտ Արցախի դրոշն են հսկում, որ չներկեն

Ֆրանսիայի հրապարակի տարբեր հատվածներում ՀՀ քաղաքացիները հավաքվել են, որպեսզի թույլ չտան որևէ մեկը մոտենա Արցախի դրոշին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Այս պահին լարված իրավիճակ է ՀՀ Ֆրանսիայի հրապարակի տարածքում. Ազատության հրապարակում ժամը 15-ից «Ազգային ժողովրդավարական բևեռը» հանրահավաք է իրականացնում, իսկ Օպերայի տարածքում են հավաքվել մի խումբ մարդիկ, որոնք մտավախություն և տեղեկություն ունեն, որ նրանք կարող են Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Արցախի դրոշը պղծել կամ հեռացնել այն։
Հայտնել էինք, որ ապրիլի 5-ին ընդդիմադիր խմբակցությունները հանրահավաք էին անցկացրել Ազատության հրապարակում, որից հետո Ֆրանսիայի հրապարակում Արցախի դրոշն էին բարձրացրել։ Ապրիլի 8-ին «Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչները ներկել էին Արցախի դրոշը` ասելով, թե մեկ պետություն և մեկ դրոշ պետք է լինի
Փոխեցինք պղծված դրոշը. դաշնակցական երիտասարդները Արցախի նոր դրոշ տեղադրեցին Երևանում
Այսօր մի խումբ մարդիկ են հավաքվել դրոշի բոլոր կողմերում` հսկելու, որպեսզի այն կրկին չներկեն։ Տեղում նաև մեծաթիվ ոստիկանական ուժեր կան կուտակված։ Մի պահ ինչ–որ քաղաքացի փորձեց մոտենալ դրոշին, սակայն տարածքում հավաքվածները և ոստիկանները նույնպես մոտեցան դրոշին։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները հեռացրին դրոշին հանկարծ վազելով մոտեցած տղամարդուն և իրավիճակը հանդարտվեց։
«Հանրահավաք անողները երթով գալիս էին դրոշի կողմ, բայց որ տեսան մենք այստեղ ենք, շեղեցին ուղղությանը։ Հիմա այստեղ կկանգնենք այնքան, մինչև հանրահավաքը կավարտվի։ Մենք չէին պատկերացնում, որ եռագույնը նման կերպ կարող են պղծել` պարբերաբար կգանք ու կպաշտպանենք եռագույնը»,–ասաց մի տղամարդ։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը երեկ հայտնել էր` «Սասնա ծռեր» համահայկական շարժման էջում հրապարակված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են երիտասարդները ներկում Երևանի կենտրոնում տեղադրված Արցախի Հանրապետության պետական դրոշը, ուղարկվել է ՀՀ ոստիկանություն։