Լիլիթ Դեմուրյան, Sputnik
Ցմահ բանտարկությունը կյանքի վերջը չէ։ Հայաստանում դատապարտվածները կրթություն ստանալու հնարավորություն ունեն և օգտվում են դրանից (դատապարտյալների` քրեակատարողական հիմնարկներում կրթություն ստանալու օրենքը գործում է 2006 թվականից)։ Նրանցից մեկը Գեորգի Խանամիրյանն է, որը ՀՀ–ում ցմահ ազատազրկված 86 դատապարտյալներից է։
Sputnik Արմենիան ՀՀ արդարադատության աջակցությամբ այցելել է «Արմավիր» ՔԿՀ, որտեղ Գեորգիի հետ զրուցել է ոչ միայն ՔԿՀ–ում ուսում ստանալու, այլև բանտարկությունից առաջ նրա կյանքի, նախասիրությունների ու հետաքրքրությունների, կատարած հանցանքի և այլ հարցերի շուրջ։
Ծառայակցի սպանության համար ցմահ դատապարտված Գեորգի Խանամիրյանը «Արմավիր» ՔԿՀ-ում
© Sputnik / Aram Nersesyan
Գեորգին մինչ դատապարտվելը չի հասցրել բարձրագույն կրթություն ստանալ։ Դպրոցում սովորելիս ֆիզիկա առարկան է շատ սիրել, քիմիան էլ անհատական պարապել է, որպեսզի հետ չմնա սահմանված կուրսից։ Դպրոցն ավարտելուց հետո, մինչև բանակ զորակոչվելը 1 տարի ավտոմեքենաներ է վերանորոգել։ Մեքենաներ շատ է սիրել դեռ մանկուց և մինչ օրս էլ հետաքրքրված է դրանցով։ Բանակ գնալուց առաջ և այդ ընթացքում Գեորգին անգամ չի էլ մտածել, թե որ բուհում կցանկանար սովորել և ինչ մասնագիտություն կուզեր ստանալ։
Գուցե շարունակեր մեքենաների վերանորոգմամբ զբաղվել, եթե...
Ծառայության ընթացքում նա ճակատագրական արարք է գործել` իր զորացրումից 11 օր առաջ սպանել է ծառայակցին, ինչի հետևանքով կյանքի ուղիղ կեսն արդեն անցկացնում է անազատության մեջ, և հնարավոր է` այլևս երբեք չտեսնի ՔԿՀ պատերից այն կողմ գտնվող աշխարհը։
Չնայած այդ ամենին, նա որոշել է ուսում ստանալ և առաջիններից մեկն է բուհ ընդունվել։ Մինչ այդ նաև ինքնակրթությամբ է զբաղվել, գրքեր է կարդացել և այժմ էլ սիրում է ընթերցանությամբ զբաղվել։
«Գրքեր միշտ սիրել եմ կարդալ, չնայած անգամ ամիսներ են լինում, որ մոտ չեմ գնում գրականությանը։ Իմ սիրելի գրողը Էռնեստ Հեմինգուեյն է, վերջինը կարդացել եմ «Ծերունին և ծովը» վիպակը։ Դասական շատ գրողների ստեղծագործություններ եմ կարդացել»,– ասում է Գեորգին։
Ծառայակցի սպանության համար ցմահ դատապարտված Գեորգի Խանամիրյանը «Արմավիր» ՔԿՀ-ում
© Sputnik / Aram Nersesyan
Բուհում սովորելու հնարավորությունն էլ նրան տվել է Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը, որտեղ հեռավար կերպով է մասնակցում դասապրոցեսին։ Այդ ժամանակ նա ընտրության առանձնապես մեծ հնարավորություն չի էլ ունեցել և հոգեբանի մասնագիտությունն էլ պատահական չի ընտրել։
«Համալսարան ընդունվելու համար մի քանի քննություն եմ հանձնել` հայոց լեզու, կենսաբանություն, անատոմիա։ Հոգեբանությունը հիմա ինձ շատ է հետաքրքրում, այդ ոլորտն ուսումնասիրության սահման չունի, հրաշք մասնագիտություն է։ Ուսման ժամանակ խնդիրներ չեն առաջանում, անհրաժեշտ գրականությունը տրամադրվում է էլեկտրոնային տարբերակով կամ ընտանիքիս անդամներն են բերում քրեակատարողական։ Դասախոսներն այստեղ էլ են գալիս դասապրոցեսն իրականացնելու համար»,– պատմում է ցմահ դատապարտյալը։
Ընտրել է իրավաբանական հոգեբանության ճյուղը, որն ուսումնասիրում է կալանավայրում գտվող անձի ապրումները, այն ճգնաժամը, որը նա ապրում է` գտնվելով այդ հաստատությունում։ Գևորգն ինքն էլ է ապրել այդ ճգնաժամը ու այդ վիճակից դուրս եկել ընտանիքի անդամների, ընկերների, ինչպես նաև ընտրած մասնագիտությամբ ձեռք բերած հմտությունների շնորհիվ։
Այս տարիների ընթացքում Գեորգին որոշ ընդմիջումներով է սովորել բուհում։ Այս տարի նախատեսում է պաշտպանել «Դատապարտյալների հակազդումները սթրեսին, և սթրեսի ինչ տեսակներ կան» թեմայով դիպլոմային աշխատանքը։
Բարձրագույն կրթությունից զատ, քրեակատարողական հիմնարկում նաև կարողանում են նկարչությամբ և խեցեգործությամբ զբաղվել։ Անձամբ Գեորգին էլ աշխատանքներ ունի` ծաղկաման, նկարազարդ փոքրիկ ափսե, վիտրաժներ և այլն։ Դրանք անգամ ցուցահանդես–վաճառքում են ներկայացվել։ Իրականացվում են նաև անգլերենի, համակարգչային հմտությունների դասընթացներ։ Նա անգլերենի երկրորդ խմբում է, որտեղ ավելի բարդ է կուրսը։
Գեորգին գրեթե 1 տարուց կկարողանա դիմել վաղաժամկետ պայմանական ազատ արձակվելու խնդրանքով։ Եթե դուրս գա ՔԿՀ–ից, հաստատ որոշել է` իր ընտրած մասնագիտությամբ է աշխատելու` որպես հոգեբան։
Ծառայակցի սպանության համար ցմահ դատապարտված Գեորգի Խանամիրյանը «Արմավիր» ՔԿՀ-ում
© Sputnik / Aram Nersesyan
Դեպքը եղել է ծառայության ընթացքում
Թե ինչպես է տեղի ունեցել այն հանցանքը, որը մարդու կյանք է արժեցել, ինքն էլ հայտնվել է ճաղերի հետևում, Գեորգին չցանկացավ պատմել։ Միայն ասաց, որ զինծառայության ընթացքում է դեպքը եղել. նրա համար ծանր է այդ մասին խոսել։
Ծառայել է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում, վարորդ է եղել, ապա տեղափոխվել է Վայոց Ձորի Վայք քաղաք` որպես շարքային զինծառայող` հրաձիգ։ Գեորգիի ծառայության ավարտին ընդամենը 11 օր էր մնացել, որ նա հենակետում սպանել է ծառայակցին։
«Հիմա ցանկանում եմ կապ հաստատել տուժող կողմի հետ, անգամ նամակ եմ գրել ընտանիքին, ներում եմ խնդրել»,– ասում է Գեորգին։
Նա հանցանքը կատարել է 2003 թվականին, սակայն դատապարտվել է 2004–ին։ Մինչև 2003 թվականը, երբ Հայաստանը վավերացրեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, սպանության, դավաճանության և այլ լուրջ հանցագործությունների համար երկրում կիրառվել է մահապատիժը, ու ստացվում է, որ դատավարության ժամանակ նրա կյանքը մազից է կախված եղել։
Թեև նա հանցագործության մասին մանրամասներ չհայտնեց, բայց բաց աղբյուրներից հնարավոր եղավ իմանալ, որ նա դատապարտվել է 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 7-րդ կետերով (սպանություն, որը կատարվել է անձի կամ մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, ինչպես նաև առանձին դաժանությամբ և մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), 359 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում. կատարվել է մի խումբ անձանց կողմից), ինչպես նաև 66 հոդված 1-ին և 4-րդ մասերով (պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ)։
Ի՞նչ է անելու վաղաժամկետ ազատ արձակվելու դեպքում
Պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու դեպքում (դրա համար կարող է դիմել 20 տարի ազատազրկումից հետո, այս պահին մոտ 19 տարի է անցել. հեղ.) Գեորգին առաջին հերթին տուն կգնա ու մորը կգրկի։ Ընկերներին էլ կայցելի, բայց նրանց թիվը տարիների ընթացքում պակասել է։
«Այժմ կողքիս այն մարդիկ են մնացել, որոնք իրոք ընկերներ էին։ Նրանք մշտապես հետաքրքրվում են ինձնով, անգամ նրանք, ովքեր արդեն երկար տարիներ է, ինչ Հայաստանում չեն ապրում»,– ասում է դատապարտյալը։
Հետագա անելիքները հետո կորոշի։ Գուցե մտածի նաև ամուսնանալու, ընտանիք ստեղծելու մասին։ Հիմա ընկերուհի ունի, որը նրա զուգահեռ դասարանից է եղել, բայց Հայաստանում չի ապրում։ Սիրած աղջկա հետ շփվում է հեռախոսազանգերի միջոցով։ Գեորգին շատ խնամքով է պահում ընկերուհու տված փոքրիկ հուշանվերը (մագնիսի վրա Անիի վանքն է պատկերված)։
Ծառայակցի սպանության համար ցմահ դատապարտված Գեորգի Խանամիրյանը «Արմավիր» ՔԿՀ-ում
© Sputnik / Aram Nersesyan
Ովքե՞ր են այցելում նրան
Ընտանիքում 3 երեխա են։ 2 քույր ունի, որոնցից մեկը նրանից մեծ է, մյուսը` փոքր։ Ավագ քույրն այժմ Ռուսաստանում է` Դոնի Ռոստովում, ամուսնացած է, ունի 1 դուստր, իսկ կրտսերը` Հայաստանում է, նա նույնպես ամուսնացած է ու մի քանի ամիս առաջ է փոքրիկ ունեցել` կրկին աղջիկ է։ Մայրը նույնպես Ռուսաստանում է բնակվում։
Մեծ քույրն ու մայրը Հայաստան վերադառնալուն պես հնարավորինս հաճախ են այցելում Գեորգիին։
«Մեծ քրոջս երեխային տեսակցությունների ժամանակ մի քանի անգամ տեսել եմ, բայց փոքր քրոջս երեխան դեռ 2 ամսական է` չեմ տեսել։ Կարոտում եմ նրանց»,– ժպտում է նա։
Դատապարտյալները տարեկան 2 երկարատև և 6 կարճատև տեսակցության հնարավորություն ունեն։ Դեպքեր են լինում, որ հավելյալ տեսակցությունների հնարավորություն էլ է տրվում։ Լինում են նաև հեռախոսազանգեր և տեսազանգեր։
2022 թվականի փետրվարի 1-ի դրությամբ` ՀՀ ԱՆ ՔԿՀ–ներում ցմահ ազատազրկման դատապարտված 86 անձ կա, բոլորը` արական սեռի ներկայացուցիչ։ Նրանք հիմնականում դատապարտվել են 104-րդ (սպանություն) կամ 300-րդ հոդվածներով (իշխանությունը յուրացնելը)։ Բացի վերը նշված հոդվածներով հանցանք կատարելուց, ցմահ դատապարտված են նաև պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության, ահաբեկչության, ազատությունից ապօրինի զրկելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, պետի նկատմամբ բռնի գործողությունների կատարելու, իշխանությունը չարաշահելու, խարդախության, հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու, զինծառայողների միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու և մի շարք այլ հոդվածներով։