ԱՄՆ–ն երբեք չի թաքցրել, որ մինչև վերջին ուկրաինացին պատրաստ է կռվել Ռուսաստանի դեմ, ուստի նրա հիմնական նպատակն է վերջնականապես թուլացնել Ռուսաստանը` զրկելով նրան հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործունեություն իրականացնելու հնարավորությունից, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Ըստ նրա` տևական ժամանակ է, ինչ փորձագիտական շրջանակներում տեսակետն կա, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում ինտեգրացիոն նոր միավորի ստեղծման ուղղությամբ` կլինի դա միութենական պետություն, թե հետխորհրդային բոլոր երկրների միացում Ռուսաստան–Բելառուս դաշինքին։ Արևմտյան փորձագետներն այդ ծրագիրը կնքել են «ԽՍՀՄ 2.0 նախագիծ» անունով, ու Արևմուտքի նպատակն է թույլ չտալ հետխորհրդային երկրների միավորումը, ինչից հետո թիրախավորվելու է Չինաստանը։
«Անկախ ամեն ինչից, Ուկրաինան հետագայում վճարելու է ԱՄՆ–ի կողմից զինամթերքի ու սպառազինության մատակարարումների համար, մինչդեռ Ուկրաինան այժմ հասել է այնպիսի վիճակի, որ երբեք չի կարողանալու վճարել այդքան զենքի համար և բնական է, որ դրա դիմաց ստանձնել է հակառուսական պարտավորություններ, իսկ ՌԴ–ն իր հերթին ամեն ինչ անելու է ամբողջ Ուկրաինան ամերիկյան ազդեցության գոտուց վերջնականապես հանելու համար»,– ասաց միջազգայնագետը։
Բալասանյանի կարծիքով` Միացյալ Նահանգներն այսօր շահագրգռված չէ Ուկրաինայում խաղաղության հաստատմամբ, քանի որ մարտական գործողությունների շարունակումը մյուս կողմից էլ թուլացնում է Եվրոպային։ ԱՄՆ–ին ձեռնտու չէ, որ ԵՄ–ն ուժեղ սուբյեկտ լինի ու ինքնուրույն ապահովի իր անվտանգությունը, հակառակ դեպքում Վաշինգտոնը Եվրասիա աշխարհամասում ոտք դնելու տեղ չի ունենա։
Միջազգայնագետի խոսքով` ԱՄՆ–ին չեն հետաքրքրում ուկրաինացի փախստականները, Ուկրաինան դիտարկվում է լոկ որպես պլացդարմ` Ռուսաստանին թուլացնելու, Ռուսաստանի դեմ պատերազմելու համար։
Նշենք` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները վերահսկում են Կիևին և դրդում են Ուկրաինային շարունակել ռազմական գործողությունները։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 43–րդ օրը։