Տեր–Պետրոսյանի նախկին խորհրդականը մասնակցում է Թուրքիայի հետ բանակցային գործընթացին. ԶԼՄ

Պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյան
Նախկին պաշտոնյան բազմիցս հանդես է եկել Թուրքիայի հետ հաշտվելու օգտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը ակտիվ մասնակցում է Երևանի և Անկարայի միջև ընթացող բանակցային գործընթացին։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ պարբերականի` Լիպարիտյանը սերտ հարաբերությունների մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ և ուղիղ խորհուրդներ է տալիս նրան։
«ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց Ռուբինյանի գլխավոր խորհրդատուն Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանն է, որն անցած տարվա հոկտեմբերին է դեսպան նշանակվել, իսկ մինչ այս` երկար տարիներ ղեկավարել է հիշյալ՝ ԱԳՆ սահմանակից երկրների վարչությունը: Նա մասնագիտությամբ թուրքագետ է։ Նրանից բացի, նույն վարչությունից այլ թուրքագետներ էլ են ներգրավված խմբում»,– գրում է թերթը։
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։