Շարունակում ենք հավատալ, որ խաղաղապահներին կհաջողվի վերականգնել ստատուս քվոն. Միրզոյան

Ռուս խաղապահները Արցախի Փառուխ համայնքի մոտ. Արխիվային լուսանկար
ՀՀ արտգործնախարարը Լավրովի հետ հանդիպմանն անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը Փառուխ գյուղ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ զորախմբին կհաջողվի վերականգնել Արցախի Փառուխ գյուղի մարտի 23-ի դրության ստատուս քվոն։ Այս մասին Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Փախուռ գյուղի մոտ ադրբեջանական զորքերի ներխուժմանը և ոչ ամբողջությամբ այնտեղից դուրս գալուն։
«Խաղաղապահ զորախումբը տեղակայվել է նոյեմբերի 9-ի ստատուս քվոն ապահովելու նպատակով։ Կրկնում եմ` մենք շարունակում ենք հավատալ, որ ստատուս քվոն կվերականգնվի, և ռուսական խաղաղապահ զորախումբը կշարունակի կատարել իր կարևորագույն առաքելությունը՝ ապահովել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը»,–հայտարարել է Միրզոյանը։
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ Միրզոյանը նշել է, որ ներկայիս իրավիճակը զգալիորեն բարդացրել է համանախագահության աշխատանքը։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումը (այն մասին, որ համանախագահներն այլևս անելիք չունեն, քանի որ հակամարտությունը սպառված է) միջազգային հանրության հավանությանը չի արժանանում, քանի որ միջազգային հանրությունը շարունակում է հակամարտության կարգավորումը տեսնել հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ ԱԳ նախարարն ընդգծել է, որ դա շատ հուսադրող է։
Հավելենք, որ Սերգեյ Լավորվն այս հանդիպման ընթացքում ասել էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ճակատագիրն անհայտ է, քանի որ ԱՄՆ–ի և Ֆրանսիայի գործընկերները, «ռուսաֆոբիայի թնջուկի մեջ խճճված», հրաժարվում են ՌԴ գործընկերների հետ աշխատել անգամ այդ ձևաչափում։
Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայող է վիրավորվել։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց նրանք շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։