ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը առանցքային դեր է խաղացել ԼՂ հակամարտության գոտում 2020թ. աշնանը հրադադարի հաստատման գործում։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ՌԴ գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
Նշենք, որ Մոսկվայում այսօր ընթանում են 2 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։
Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը, որն ապահովում է այդտեղի բնակչության անվտանգությունը, ծառայում է հրադադարի ռեժիմի ամրապնդման, սադրանքների կանխարգելման, նորմալ կյանքի վերականգնման շահերին:
Հայաստանը նույնպես բարձր է գնահատում Ռուսաստանի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ջանքերը, որոնք ուղղված են ԼՂ հակամարտության կարգավորմանը։
Անդրադառնալով հայ-ռուսական երկկողմ օրակարգին՝ նախարարը կարևորել է երկկողմ ռազմավարական դաշնակցության առկա բոլոր մեխանիզմների գործունեությունը։
Հայաստանի արտգործնախարարի խոսքով, Երևանը դրական առումով դիտարկում է ռազմատեխնիկական համագործակցության, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների և միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը: