ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների լրացուցիչ լծակներ ունի և մտադիր է դրանք կիրառել մինչև Ուկրաինայում դեէսկալացիան։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք կշարունակենք դա անել այնքան ժամանակ, որքան կպահանջվի», - ասել է Փրայսը CNN-ի եթերում:
Նա հավելել է, որ ԱՄՆ վարչակազմի և Եվրոպայում նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «կուտակային ազդեցություն» կունենան, սակայն, ըստ նրա, ռուսական տնտեսությունն արդեն զգացել է դրանց ազդեցությունը։
Նա ընդգծել է, որ ՌԴ–ն այլևս այն վայրը չէ, որը գրավիչ է բիզնեսի, շահույթ ստանալու համար։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 44–րդ օրը։