-Պստիկս, նախշունիկս, մի հատ ժպտա, իմ համով տղա,– 61-ամյա տիկին Գոհարը նորածնին է գուրգուրում և հիացական հայացքով նայում, թե ինչպես է փոքրիկը քնի մեջ ժպտում։
Փետրվարի 20-ից Դավթյանների ընտանիքում կյանքը փոխվել է` 44-օրյա պատերազմի զոհերից Գարիկ Դավթյանի եղբայրն է ծնվել։ Քանի որ ծնողները տարիքով մեծ են, փոխնակ մոր միջոցով է փոքրիկը լույս աշխարհ եկել։
«Մեզ միայնակ էինք զգում, Գարիկի կորստից հետո տունը դատարկվել էր։ Նստում՝ իրար երես էինք նայում։ Մեր բարեկամները համոզում էին, որ փոխնակ մոր միջոցով երեխա ունենանք։ Որոշեցինք այդ քայլին դիմել, և հիմա Գարիկս նորից տանն է, նորից «մամ» ասող կունենամ»,–ասում է տիկին Գոհարը։
Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի մայրը՝ Գոհարը
© Sputnik / Aram Nersesyan
Ընտանիքը 2 տղա է ունեցել. ավագ որդին` Գոռը, 2 տարեկանում է մահացել դժբախտ դեպքից, որից 7 տարի անց Դավթյանների երկրորդ որդին` Գարիկն է լույս աշխարհ եկել։ Ծնողները պատմում են, որ Գարիկը սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմակական վարժարանում, ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:
Գարիկը զինվորականի գործը շատ է սիրել, քանի որ հայրը` Գևորգ Դավթյանը, 17 տարի ԶՈւ–ում է ծառայել` հակաօդային պաշտպանությունում, հիմա էլ դպրոցում զինղեկ է։ Հայրն ասում է` որդին որպես սպա Հադրութ է գործուղվել, 1.5 տարվա ծառայող է եղել, երբ պատերազմն է սկսվել։
«Պատերազմի ժամանակ ամեն օր կապի մեջ էինք, և միշտ ասում էր` հաղթելու ենք, լավ է լինելու։ Զոհվելուց մեկ օր առաջ էլ զանգեց ու ասաց` պապ ջան, գառն առ, որ գալու եմ շուտով։ Դրա հաջորդ օրը Գարիկը չզանգեց... Հեռուստացույցով մի վիրավոր զինվորի տեսանք, որը նման էր մեր Գարիկին։ Սկսեցինք փնտրել նրան բոլոր տեղերում, բայց հաջորդ օրը մարտական ընկերներն եկան ու ասացին` Գարիկը զոհվել է»,–պատմում է հայրը։
Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի հայրը՝ Գևորգը
© Sputnik / Aram Nersesyan
Գարիկը հրամանատար է եղել և զոհվել է վիրավոր զինվորներին տարհանելիս։ Ծնողներն ասում են, որ նրա մարտական ընկերները մինչ այսօր իրենց տուն են գալիս, պատմում, թե ինչ խիզախ է եղել պատերազմի օրերին նա...
Դավթյանները որդիների կորստից հետո հուսահատվել են, սակայն երեխայի ծնվելուց հետո սկսել են հաճախ ժպտալ։ Տիկին Գոհարն ասում է` շատերն են հետաքրքրվում, թե ինչո՞ւ են երեխայի անունը Գարիկ դրել, արդյո՞ք ցավոտ չէ ամեն անգամ զոհված որդու անունը տալ։ Սակայն մայրը նշում է` այդպես որդու կարոտն է առնում, որը մինչև զոհվելը 1 տարի ծառայությունից տուն չէր եկել։
Տիկին Գոհարը նշում է` երեխան դժվարությամբ է ծնվել, բայց հույս ունեն` հեշտ է մեծանալու։
«Կեսարյան հատմամբ է լույս աշխարհ եկել փոքրիկս, և տասնքանի օր վերակենդանացման բաժանմունքում էր, մեզ էլ վախեցրեց։ Պատկերացնո՞ւմ եք` այսքան սպասել ենք... Հիմա ամեն ինչ փոխվել է` մանավանդ պստոս այնքան նման է Գարիկիս, դնչի վրա նույն փոսիկն ունի»,–ասում է տիկին Գոհարը` զոհված որդու մանկության լուսանկարները ցույց տալով։
Սակայն ամուսինը միջամտում է` փոքրիկի քիթն էլ իր քթին է նման։ Նա հավելում է, թե «շատ բան չի ուզում էս կյանքից»` հասցնի փոքրիկին մեծացնել, քանի որ արդեն 63 տարեկան է։
Գարիկ և Գոռ Դավթյանները
© Sputnik / Aram Nersesyan
Ծնողները նորածնին թոռան պես են վերաբերվում, ինչպես Գարիկի որդուն կմեծացնեին։ Տիկին Գոհարը ժպտում է` տանը նորածնի լացի ձայն 24 տարի առաջ էր հնչել, ու չնայած փոքրիկը ծնողներին գիշերը չի թողնում քնել, սակայն նրանք չեն տրտնջում։
Բացի այդ, հիմա ավելի հեշտ է փոքրիկին մեծացնելը, քանի որ տակդիրներ կան, ինչպես նաև օրորոց, որն ինքն իրեն օրորում է փոքրիկին։ Ծնողները հերթապահություն են սահմանել` երեխային խնամելու համար։ Միակ բանը, որ տիկին Գոհարը ռիսկ չի անում անել, փոքրիկին լողացնելն է. այդ ժամանակ էլ զոհված որդու տատմերն է օգնության հասնում։
Տիկին Գոհարն ասում է` փոքրիկի հետ կապված ծախսն էլ շատ է` մանկական կերեր, տակդիրներ, բայց ամուսիններով փորձում են գլուխ հանել։ Հիմա սպասում են, որ փոխնակ մոր միջոցով երեխա ունենալու ծրագրի շրջանակներում պետությունը փոխատուցում տրամադրի, սակայն առողջապահության նախարարությունից ընտանիքն հայտնել են` իրենց լիազորությունների շրջանակում չէ հարցը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից էլ հայտնել են` ընթացակարգ չկա, թե ինչպես պետք է փոխհատուցումը տրամադրեն։
Ի դեպ, Դավթյանները փոքրիկ Գարիկի փոխնակ մոր հետ կապը պահում են և զոհվածների այն ծնողներին, որոնք զավակ չունեն, խորհուրդ են տալիս երեխա ունենալ։
«Կյանքն ում է պետք առանց զավակի։ Եթե հնարավորություն ունեն, թող անպայման երեխա ունենան։ Երեխան քո դեմքն է փոխում, քո երազները։ Հիմա մեր օրը նրանով է սկսում և վերջանում։ Գարիկիս մոռանալ չի լինում, բայց փոքրիկն ուզած–չուզած մեզ զբաղեցնում է, մեր մտքերը փոխում, մեր օրերին գույն տալիս»,–ասում է Գևորգ Դավթյանը և ժպիտով նայում, թե ինչպես է կինը գուրգուրում փոքրիկին։
Հավելենք, որ հունվարի 13-ին կառավարությունը հաստատեց նախագիծը, ըստ որի` զոհված (մահացած) զինծառայողների այն ծնողները, որոնք ցանկանում են կրկին երեխա ունենալ, պետության կողմից փոխհատուցում կստանան` փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու համար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ դեռևս փոխհատուցումներ տրամադրելու ընթացակարգ չկա, այն մշակման փուլում է։