ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ներկայացրել է աշխարհաքաղաքական ու գլոբալ տնտեսական խնդիրների հնարավոր անդրադարձը ՀՀ տնտեսության վրա։ Նախարարը ներկայացրել է նաև այն խնդիրները, որոնք բացահայտվել են ուկրաինական իրադարձությունների պատճառով Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից Հայաստան մեծ թվով մարդկանց տեղափոխվելու արդյունքում։
- Պարոն Խաչատրյան, մեր վերջին հարցազրույցը ձեզ հետ եղել է այն ժամանակ, երբ 2022թ–ի բյուջեի նախագիծը` լավատեսական սպասումներով, նոր էր ներկայացվում խորհրդարանի հաստատմանը։ Արդեն առաջին եռամսյակն ավարտվել է, որոշ իրողութուններ փոխվել են։ Հաճախացել են բյուջեն վերանայելու անհրաժեշտության մասին խոսակցությունները։
Բացի այդ, Կենտրոնական բանկն էլ նշել է, որ2022թ–ի համար կանխատեսվող 5.3 տոկոսանոց տնտեսական աճն իրականում կկազմի 1.6 տոկոս։ Կառավարությունում քննարկվո՞ւմ է արդյոք բյուջեի վերանայման հնարավորությունը։
- Բյուջեն կազմված է եկամուտներից, ծախսերից, դեֆիցիտը ֆինանսավորելու անհրաժեշտությունից։ Նախ` եկամուտների մասին. մենք նախատեսել ենք, որ 2022-ի պետական բյուջեի եկամուտները պետք է կազմեն մոտ 1 տրիլիոն 850 մլրդ դրամ։ Մենք առաջին եռամսյակում արդեն ունենք 400 մլրդ դրամի փաստացի եկամուտներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմամ 20.2 տոկոսով ավելին են։ Այսինքն` եռամսյակային համամասնությամբ առաջին եռամսյակի եկամուտների չափը գերազանցում է նույնիսկ մեր սպասումները։ Հետևաբար, այդ մասով դեռևս որևէ խնդիր չկա։
Կան ընդհանուր տարածաշրջանային մակրոտնտեսական անորոշություններ, որոնք ազդեցություն ունեն նաև Հայաստանի տնտեսության վրա։ Բայց օր օրի իրավիճակ է փոխվում, ընդ որում, եթե 2-3 շաբաթ մենք խոսում էինք այն մասին, թե այդ փոփոխվող գործոններն ինչ չափով են կարող ազդել Հայաստանի տնտեսության վրա, ու հիմնական ռիսկերից մեկը նշում էինք այն, որ ՌԴ–ում տեղի է ունեցել ռուբլու և դոլարի փոխարժեքային կտրուկ արժեզրկում, այսինքն`տատանումներ, որոնք կարող էին մեր արտահանողների համար շատ մեծ դժվարություններ առաջացնել, ապա այսօրվա դրությամբ այդ խնդիրն էապես մեղմվել է։ Երեկ, կարծեմ, ռուբլի/դոլար պաշտոնական փոխարժեքը 80–ից ցածր էր։ Այսինքն` այնպես չէր, ինչպես մինչ այդ, երբ տարբեր` 100-120-130 տատանումներ կային, որոնք որևէ կանխատեսելիություն չէին թույլ տալիս։
Բնականաբար, եթե ՌԴ–ում այդ մակրոտնտեսական անորոշությունները շարունակվում են, դա կազդի ՀՀ տնտեսական ակտիվության և աճի ցուցանիշի վրա։ Նորից ես չէի ցանկանա խոսել այսօր, թե ինչ չափով կազդի, որովհետև վաղաժամ է այդպիսի գնահատական տալը։ Սակայն, մենք չենք կարծում, որ հարկային եկամուտների վրա այդ ազդեցությունը կլինի շատ մեծ նվազեցման չափով։
Ենթադրենք, թե 1 տրիլիոն 850 մլրդ հարկերը 30 մլրդ դրամով պակասի, մենք ի՞նչ պետք է անենք։ Երկու բան կարող ենք որոշել. Առաջին` կրճատել ծախսերը նույն չափով, երկրորդ`այդ չափով փոխառւթյուն վերցնել ու ծախսերը կատարել ամբողջ ծավալով։ Եվ մենք որոշել ենք, որ մենք ծախսերը չենք կրճատելու։
Երբ կնկատենք (լինի դա օգոստոսին, սեպտեմբերին) ու կկարողանանք ավելի հուսալի ձևով գնահատել, թե մինչև տարեվերջ որքան է լինելու մեր նախատեսած ու սպասվող եկամուտների տարբերությունը, նախապես քայլեր կձեռնարկենք, որ այդչափ փոխառու միջոցներն արդեն մեր ձեռքի տակ, մեր տրամադրության տակ լինեն, և մեր բոլոր ծախսային խոստումներն ու պարտավորությունները կատարենք ժամանակին։
Հետևաբար, եկամուտները, հնարավոր է, որ որոշ չափով պակաս լինեն, քան մենք նախատեսել ենք, բայց ծախսերը կատարելու ենք ամբողջ ծավալով։ Եվ այդ ծախսերը փոխհատուցելու նպատակով փոխառու միջոցներ ենք գրավելու այնպիսի եղանակով, որ մակրոտնտեսական որևէ խնդիր, այդ թվում` պետական պարտքի կառավարման առումով, չառաջանա։
- Ծախսեր ասելով ծախսային ամբողջ սպեկտրը նկատի ունե՞ք, թե՞ միայն կապիտալ ծախսերը։
- Բոլորը։ Բոլոր ծախսերը կատարվելու են ամբողջ ծավալով, և այնպես, ինչպես խոստացված են։ Մնում է, որ մեր կազմակերպությունները, որոնք պետական պատվեր են կատարում, իրենց խոստումները կատարեն ժամանակին և այն ծավալով ու որակով, որ դրանց դիմաց ծախսերը չուշանան։
- Բյուջեի հիմքում դրված 5.3 տոկոս տնտեսական աճը հաշվարկված է այն պայմանով, որ տարվա ընթացքում պետք է կատարվեն 340 մլրդ դրամի կապիտալ ծախսեր։ Ստեղծված պայմաններում այդ ծախսերի կատարումը արդյո՞ք կասկածի տակ չէ։ Օրինակ` շինարարական նյութերի թանկացման պատճառով կապալառուները չկարողանան իրականացնել խոստացած ծախսերը։
- Մեզ այդպիսի փաստեր հայտնի չեն։ Ես այսօր առավոտյան թվերն էի նայում, թե ինչ չափով են արդեն պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի պայմանագրերը հայտնի։ Մենք այնտեղ երկու բաժին ունենք։ Մի մասն իրականացվում է միջազգային վարկային կազմակերպությունների միջոցներով։ Դրա 2/3–ից ավելի մասով արդեն պայմանագրերը կնքված են, աշխատանքները ընթացքի մեջ են։ Այն հատվածը, որը վերաբերում է մեր ներքին ռեսուրսներով իրականացվող կապիտալ ծախսերին, պայմանագրերի կեսից ավելին կամ ստորագրված են, կամ մրցույթներն ընթացքի մեջ են և շուտով կստորագրվեն։
Եթե այդ պայմանագրերը ստորագրվում են հիմա, դրանց արժեքները ձևավորվում են մրցույթների արդյունքներով, ապա այդ հայտերը նոր են, կազմակերպություններն էլ, որոնք եկել են այդ պատվերը վերցնելու, տեղյակ են այսօրվա շուկայի, այդ թվում` շինանյութերի մոտավոր արժեքներից։ Հետևաբար, քիչ հավանական է, որ տարվա ընթացքում դրանք այնպիսի փոփոխությունների ենթարկվեն, որ աշխատանքների կատարման նախապես տրված խոստումների հետ կապված ռիսկեր առաջ բերեն։ Եթե այնուամենայնիվ, դրանք ի հայտ գան, ապա մեր գնումների ընթացակարգերը թույլ են տալիս որոշակի վերանայումներ` նախապես որոշված սահմաններում։ Բայց կարծում եմ, որ դրա կարիքը չի լինի։
- 2014-ի ճգնաժամային տարում կառավարությունը գործադրի անդամների առաջ խնդիր դրեց` յուրաքանչյուրն իր ոլորտում 5 մլրդ դրամի չափով կրճատումներ կատարելու` այն ծախսերից, որոնք կարող էին հետաձգվել, չկատարվել։ Այսինքն` նախարարություններում կրճատվեցին անհարկի ծախսերը, որպեսզի կարողանան դուրս բերել երկիրը ֆինանսատնտեսական ծանր վիճակից։ Նման սցենար հնարավո՞ր է, որ դիտարկվի նաև այս տարի։
Ընդ որում, ուզում եմ այս թեմայի շրջանակներում նաև հիշենք, որ կառավարության վերջին նիստում որոշում ընդունվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին լրացուցիչ ուղեկցող ավտոմեքենաներով ապահովելու մասին, ինչը հանրության շրջանում նաև դժգոհությունների առիթ դարձավ։
- Ես կարող եմ մեծ հավանականությամբ ասել, որ մենք չենք ունենա այնպիսի իրավիճակ, որ անդրադառնանք որևէ գերատեսչության կողմից ծախսերը նվազեցնելու հարցին, քանի որ, ինչպես արդեն նշեցի, որոշում ենք կայացրել տարվա ընթացքում նախատեսված ծախսերը կատարել ամբողջ ծավալով։ Եվ չենք տեսնում այսօր այդպիսի ռիսկեր, որ կարող են նման որոշումների կարիք առաջացնել։
2014թ–ի իրավիճակն այսօր չունենք, ու, կարծում եմ` դա շատ լավ է։
Ես ուզում եմ այստեղ մի կարևոր բան շեշտադրել. երբ այդպիսի քննարկումներ են սկսվում, որ կարող է ծախսերի մի մասը չկատարվել, դա շատ ավելի մեծ բացասական ազդեցություն է թողնում արձագանքի և սպասումների իմաստով, քան, եթե մենք որևէ պակասող հատված փոխառու միջոցներով կայուն ու կանխատեսելի եղանակով ֆինանսավորենք։
Մենք ունենք այդպիսի հարցադրում, որով ընդհանուր ծախսերի շրջանակում որոշակի հակաճգնաժամային ու հակացիկլիկ միջոցառումներ ենք իրականացնում, հատկապես` տնտեսական ակտիվության բարձրացման նպատակով։ Եվ մեր գործընկերներին խնդրում ենք, որ, եթե իրենք տեսնում են այնպիսի ուղղություններ, որոնք այսօրվա իրավիճակային հարցերին բավականաչափ ուղղված չեն, ապա իրենց նախաձեռնությամբ կարող են ասել, որ որևէ ծախսային մաս նախընտրելի է ավելի արդյունավետ ծրագրեր իրականացնելուն ուղղել։ Այդպիսի որոշում մենք ունենք ու այդպիսի քննարկումներ վարում ենք։
Այնուամենայնիվ, դա չի վերաբերում այն որոշումներին, որոնց վերաբերյալ արդեն մրցույթները հայտարարված են, պայմանագրերը ստորագրված են և աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այլ կերպ ասած` մենք կարող է նման վերաբաշխումներ կատարենք հօգուտ ավելի արդյունավետ անելիքների` կրճատելով նախապես հաստատված այնպիսի ուղղությունները, որոնք իրավիճակի թելադրանքով նույն կարևորությունը չունեն։ Բայց դա, ընդհանուր առմամբ, ծախսերի կրճատման կարիք կամ անհրաժեշտություն չի առաջացնի, և մենք կգնանք մեր նախապես որոշված սցենարով։
Ինչ վերաբերում է երեկ կայացված ձեր հիշատակած որոշմանը, մենք պետք է, իմ կարծիքով, ընդհանուր նկարի մեջ տարբեր հարցերի կարևորությունը ո՛չ գերագնահատենք, ո՛չ էլ թերագնահատենք։ Եթե ԱԺ նախագահը պետք է ունենա ուղեկցող մեքենաներ, որոնք անվտանգային նշանակության հարց են կարգավորում, ապա պետք է ունենա։ Ֆինանսների նախարարությունը տվյալ գործընթացում առաջնորդվել է այն գերակայություներով և հիմնավորումներով, որոնք ներկայացված են եղել որոշման հիմքում։
- Ուկրաինական իրադարձությունների պատճառով մեծ թվով գործարարներ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից իրենց բիզնեսը տեղափոխել են Հայաստան, խոսքը հիմնականում IT ոլորտի մասին է։ Ըստ ձեզ, որքանո՞վ կօգնի Հայաստանի տնտեսությանը այս ներհոսքը։
- Դժվար է գնահատել, որովհետև այդպիսի որոշումներ մեր ռուսաստանցի կամ ուկրաինացի բարեկամները կարող են կայացնել իրավիճակից ու ժամանակից ելնելով, և դա կարող է նշանակել, որ երբ ՌԴ–ում ու Ուկրաինայում կյանքը վերադառնա բնականոն հուն, այն պայմաններ, որոնցում իրենք գործում էին մինչև այս վերջին ամիսների իրադարձությունները, ապա իրենք կարող են նույն կերպ որոշել հետ գնալ։
Բայց այստեղ ինչն է կարևոր. երբ այդչափ մեծ քանակով մարդիկ միանգամից եկան Հայաստան, իրենք նաև մեզ համար բացահայտեցին մեր խնդիրները։ Դրանք վերաբերում են մեր միջավայրին, ճանապարհային նշաններին, բնակության պայմաններին, կազմակերպություն գրանցելու ու այդ կազմակերպությունը գրանցելու հետ կապված միջավայրը սպասարկելու հարցադրումներին։ Ես կարծում եմ, որ ՀՀ կառավարության որոշումը շատ ճիշտ ու իրավիճակային էր, երբ վարչապետի հանձնարարությամբ 2 աշխատանքային խմբեր ձևավորվեցին, որոնք պետք է արագ լսեին, թե ինչ խնդիր է առաջանում ու լուծում ապահովեին այդ խնդրի համար։
- Sputnik ԱրմենիայինԿԲ–ից հայտնել են, որ միայն մարտին ՀՀ քաղաքացի չհանդիսացող ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից 27 000 հաշիվ է բացվել։ Այդուհանդերձ, եկած օտարարերկրացիները բողոքում են, որ բանկերում գործընթացը շատ է ձգձգվում, մերժումները են շատ,սա կարո՞ղ ենք այդ խնդիրների շարքում համարել։
- Մեզ մոտ, իհարկե, կան ընթացակարգեր, որոնք կարող են ավելի սահուն կազմակերպվել, ավելի հարմարավետ լինել ծառայություններից օգտվողների համար։ Կարևոր չէ ՀՀ քաղաքացի, թե ՀՀ ժամանած օտարերկրյա քաղաքացի։ Կարող են առանձնահատկություններ լինել, բայց ընդհանուր առմամբ այդպիսի բան, բնականաբար կա։ Այսինքն` կարող են արձանագրել, որ ՀՀ–ում, ինչպես կյանքի մնացած ոլորտները, այնպես էլ բանկային համակարգը բարելավման կարիք ունի։
Սակայն մեր բանկային համակարգն, իմ կարծիքով, շատ համաչափ և տրամաբանական և՛ կարգավորումներ ներդրեց, և՛ սահմանափակումներ` որոշ իմաստով, որ մեր բանկային համակարգի և տնտեսության կայունությունը չվնասվի։
- Մարտի 23 –ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ–ում հայտարարեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ շրջանակներում քննարկում են գազի դիմաց վճարումները ռուսական ռուբլով իրականացնելու տարբերակը։ Այսօր ո՞ր փուլում են այդ քննարկումները, և, եթե գիտեք` ի՞նչ կարգով է այդ նոր հաշվարկը կատարվելու` դրամ–ռուբլի՞, թե դոլար–ռուբլի փոխարժեքի տարբերակով։
Ընթացիկ պայմանագրերը դոլարային են, և հաշվարկները կատարվում են այդ եղանակով։ Ինչ է տեղի ունեցել մարտի 23-ից հետո՝ մանրամասներին չեմ տիրապետում։ Իմ իրավասության հարց չէ։
- Կառավարության նախորդ նիստում հայտարարվեց նաև, որ Հայաստանն առայժմ չի ստացել մաքսային միության ընդհանուր զամբյուղից իր հասանելիք գումարը։ Նախ ստացե՞լ ենք արդեն, թե՞ դեռ ոչ։ Եվ, փաստորեն նաև միջպետական փոխանցումների համակարգում են խնդիրներ առաջացել։ Ի՞նչ է արվում այս ուղղությամբ։
- Կենտրոնական բանկը այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում Բելառուսի և ՌԴ կառույցների հետ, կարգավորումներ կգտնվեն։
- Դիտարկվո՞ւմ է արդյոք ԵԱՏՄ միասնական արժույթի գոտի ձևավորելու տարբերակը։
- Այդպիսի հարց չեմ կարծում, որ կա կամ եղել է օրակարգում։ Կան երկու երկրների միջև փոխադարձաբար ազգային արժույթներով ավելի շատ թվով գործարքներ և փոխհարաբերություններ իրականացնելու հեռանկարի հարցեր։ Այդ ուղղությամբ, իհարկե, մենք պարտավոր ենք մտածել, թե ինչպես ավելացնենք այն ծավալը, որ մեր մասնավոր հատվածը կարողանա իրեն հարմարավետ եղանակով օգտագործել գործընկեր երկրի արժույթը։ Այսինքն` որ հաշվարկները կատարվեն ու գործարքները սպասարկվեն համապատասխան միավորներով։ Դրան է վերաբերում հարցը, և դա շարունակական գործընթաց է։
- ՀՀ վարչապետըխոսելով Երասխ–Ջուլֆա–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ երկաթուղու վերականգնման ծրագրի մասին, հարց էր բարձրացրել, թե որքանով կարող է այդ ծախսն արդյունավետ լինել։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ մի առիթով նշեց, որ երկաթուղին կարող է 5% եկամտաբերություն ապահովել։ Նշեմ նաև, որ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման՝ ՏԿԵ նախարարությունից հայտնել էին, որ ծրագրի արժեքը շուրջ 226 մլն դոլար է գնահատվում։ Եթե քաղաքական ենթատեքստը թողնենք մի կողմ, ֆինանսական–տնտեսական տեսակետից նշված նախագիծը որքանո՞վ է ձեռնտու Հայաստանի համար։
- Եթե միայն ֆինանսական ցուցանիշն եք հիշատակում, ապա ծրագրերի գնահատման ներկա համակարգերը շատ ավելի բարդ չափումների հնարավորություն են տալիս։ Դրանք վերաբերում են ոչ միայն ընդհանուր տնտեսական, այլև սոցիալական ազդեցությունների գնահատականներին։ Եթե ծրագրային եկամտաբերության ֆինանսական ցուցանիշը 5 % է, ապա տնտեսականը կարող է լինել ավելի բարձր, որովհետև վերաբերում է ոչ միայն այդ ծրագրի օգուտներին, այլև այն հարակից օգուտներին, որոնք կարող են ձևավորվել տնտեսության մեջ այդ ծրագրի իրագործման արդյունքում։ Դրան էլ կարող է որոշակի հանգամանքներում գումարվել դրա սոցիալական ազդեցության գնահատականը։ Եվ դրանցից յուրաքանչյուրը կարող է լինել ավելի բարձր, քան այդ ֆինանսական ցուցանիշն է։
Եթե մենք այդ տեսանկյունից նայենք, ապա կարող է և՛ տնտեսական գնաատման տեսանկյունից նպատակահարմար ու խելամիտ լինել, և է՛լ ավելի բարձր կարող է լինել դրա սոցիալական գնահատականը։
Ձեր կողմից նշվածը` որպես մեկնարկային գնահատական, բավարար է, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվեն։
- 226 մլն դոլարը Հայաստանի համար փոքր գումար չէ։ Մոտավոր պատկերացում կա՞, թե որտեղից ենք այդ գումարը վերցնելու։
- Մենք մեր բոլոր ծախսային ծրագրերն իրականացնելու համար գումարները վերցնում ենք կա՛մ մեր հարկային եկամուտների հաշվին ձևավորվող ռեսուրսներից, կա՛մ այնպիսի պարտքային միջոցներից, որոնք ընդհանուր առմամբ մարկրոտնտեսական կառավարման տեսանկյունից հուսալի են ու ռիսկեր չեն առաջացնում, և կամ երբեմն լինում է, որ մեր գործընկեր կառույցները նաև դրամաշնորհային հատկացումներ են կատարում։ Օրինակ` նույն ԵՄ ծրագրերով, երբ մենք իրականացնում ենք որևէ վարկային ծրագիր, որը ՀՀ կառավարության կողմից գնահատվում է որպես իր տնտեսական ու սոցիալական առաջնահերթություն, ապա ԵՄ–ն իր մանդատի շրջանակներում ունի որոշակի դրամաշնորհային աջակցության միջոցներ, որոնք նշանակում է այդ նախաձեռնությունն ուղեկցելու համար։ Այսինքն` գումարում է այն միջոցներին, որ կառավարությունը հատկացնում է այդ խնդրի լուծման համար։
Հետևաբար, բոլոր ուղղություններն էլ կարող են լինել։ Այսինքն` մենք այսօր խոսենք այն մասին, թե ինչպես է ֆինանսավորելու ծրագիրը, կարծում եմ, վաղ է։ Բայց մենք բոլոր տարբերակներն էլ դիտարկում ենք։
- Միջազգային գործընկերներին դիմե՞լ ենք, թե՞ դեռ ոչ։
- Միջազգային գործընկերների հետ մենք ունենք շրջանակային համաձայնությունների ձևաչափ։ Նույն ԵՄ ծրագրի կամ աջակցության մասին, երբ խոսում ենք, խոսում ենք 2.6 մլրդ եվրոյի մասին։ Այնտեղ կային միջոցներ` նախատեսված մասնավոր հատվածի հետ ուղիղ համագործակցության համար, կային միջոցներ, որոնք նախատեսված են պետական կամ հանրային նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար։ Դա շատ զգալի հնարավորություն է, որպեսզի քննարկվի ծրագիրն այդ միջոցներով ֆինանսավորելու հավանականությունը։ Բայց ոչ միայն։
Մենք ունենք Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, մյուս ֆինանսական կառույցների հետ բավական արդյունավետ շրջանակային համագործակցություն։ Եվ երբ անելիքն առարկայանա, լինեն նախագծեր, որոնք պետք է արդեն անցնեն իրականացման փուլ, ես վստահ եմ, որ մենք շատ արագ կգտնենք այն ֆինանսական կառույցը, որը պատրաստ կլինի աջակցել ծրագրի իրականացմանը։