ԼՂ–ում խաղաղապահներն իրենց առաքելությանը համապատասխան են գործում. Լավրով

ԱրարատՄիրզոյանի հետ հանդիպմանը Սերգեյ Լավրովն ասել է, որ կշարունակեն ապահովել ԼՂ շուրջ պայմանավորվածությունների կատարումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում շարունակում են գործունեությունն իրենց առաքելությանը խիստ համապատասխան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում ընդունելով իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին։
Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և ընդհանուր առմամբ Անդրկովկասի խնդիրները մշտապես առանցքային տեղ են զբաղեցնում տարածաշրջանային հարցերի շուրջ քննարկումներում:
«Ղարաբաղյանկարգավորման շուրջ բարձր մակարդակով ձեռք բերված 3 պայմանավորվածություն կա՝ 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին և նոյեմբերին։ Մենք կշարունակենք ապահովել այդ պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը՝ նրա մանդատին խիստ համապատասխան»,–հավելել է նախարարը։
Լավրովը հույս ունի, որ Միրզոյանի հետ հանդիպմանը նրանք մանրամասն կխոսեն այս և այլ թեմաների շուրջ, և կողմերը կգան պայմանավորվածությունների, որոնք թույլ կտան հարաբերություններն ավելի զարգացնել:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: