ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Պնդումները, թե աշխարհում սկսել է շաքարավազի գինն իջնել, իսկ ՀՀ–ում շարունակում է բարձր մնալ, իրականությանը չեն համապատասխանում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Դոլարի գնի իջեցման պարագայում, ինչպես նաև աշխարհում ինքնարժեքի իջեցման պարագայում, որոշ ապրանքների գներն իջել են։ Օրինակ` իջել է կարագի և ձեթի գինը»,–ասաց Գևորգյանը։
Անդրադառնալով հնդկաձավարի գնի բարձրացմանը` Գևորգյանն ասաց, որ աշխարհում պաշարի խնդիր կա, այսինքն` արտահանող երկրները պաշարների կուտակման խնդիր ունեն։
Լրագրողները հետարքրվեցին նաև հացի գնաճի պատճառներով, ինչին ի պատասխան Գևորգյանը նշեց, որ իրենք վերահսկում են ալյուրի շուկան, որտեղ 2 խոշոր խաղացողներ կան, և այս պարագայում էլ գները պայմանավորված են ցորենի շուկայից բխող գներով։ Իսկ ինչ վերաբերում է հացի գնին, ապա հենց դա է մրցակցությունը, որ տարբեր տեղերում արժեքները տարբեր են։
Նա հավելեց նաև, որ ԵԱՏՄ շրջանակներում քննարկվում է բազմաթիվ ապրանքների մաքսատուրքերի զրոյացման հարցը, ինչը կբերի դրանց գնիջեցմանը։
Հիշեցնենք` վերջին 1 ամսում (մարտին` փետրվարի համեմատ) ալյուրն ու հացը Հայաստանում թանկացել են 3.5, ձեթն ու կարագը` 5 տոկոսով։ Մսի գներն ավելացել են 0.9, ձկան և ծովամթերքի գները` 0.6, կաթնամթերքը, պանիրն ու ձուն` 0.8 տոկոսով։ Մեկ տարվա ընթացքում, 2022-ի մարտի դրությամբ, Հայաստանում սննդամթերքը թանկացել է 12.8%–ով, իսկ վերջին մեկ ամսում` 2022թ. փետրվարի համեմատ` 2.3%–ով։