Ավանդաբար մեր քաղաքացիները կողմ են եղել հարևանների հետ խաղաղ գոյակցելուն և նորմալ հարաբերություններ ունենալուն, սակայն Թուրքիան միշտ ընկալվել է որպես թշնամի երկիր, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը։
Նրա դիտարկմամբ` Հայաստանում փաստացի աճում է մարդկանց թիվը, որոնք դեմ են Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, որովհետև նախորդ հարցման ժամանակ դեմ արտահայտվածների տոկոսային ցուցանիշը 48 էր, իսկ այժմ 68 տոկոս է։
«Հարցն այն է, թե ինչ գնով պետք է Թուրքիայի ու Հայաստանի միջև հաստատվեն նորմալ հարաբերություններ։ Եթե դա տեղի է ունենալու մեր զիջումների հաշվին, այսինքն` Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու, Արցախի անկախությունից հրաժարվելու, մեր սահմանները վերագծելու գնով, ապա բնականաբար բոլորն էլ դեմ կարտահայտվեն։ Դեմ արտահայտվողների թվաքանակի աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդիկ տեսնում են, թե որքան նոր ու լուրջ նախապայմաններ են առաջադրում Թուրքիան և Ադրբեջանը, որոնք միանշանակ անընդունելի են»,– ասաց սոցիոլոգը։
Պողոսյանը հիշեցրեց, որ սոցոլոգիական հարցումներ անցկացվել են նաև տասնհինգ տարի առաջ, և ՀՀ քաղաքացիներն ըստ էության դեմ չէին նորմալ հարաբերություններին, եթե դրանք պայմանավորված չլինեն զիջումներով։
Ըստ նրա` եթե ՀՀ իշխանությունը հիմնվում է այլ հարցումների վրա, ապա ճիշտ կլինի, որ հրապարակի արդյունքները, որովհետև հասարակական կարծիքն ուսումնասիրողները հետո պետք է նույն հասարակությանը վերադարձնեն այդ կարծիքը, որպեսզի մարդիկ ծանոթ լինեն իրականությանը։ Սոցիոլոգի խոսքով` եթե սոցիոլոգիական հարցման արդյունքները չեն հրապարակվում, ապա նշանակում է, որ այդտեղ անհասկանալի խնդիր կա։
Նշենք, որ «GALLUP International Association»–ի հայկական ներկայացուցչությունը Հայաստանում սոցիոլոգիական հարցում է անցկացրել։ Հետազոտությունն անցկացվել է ապրիլի 2-6-ը՝ հեռախոսով։ 1002 անձ է մասնակցել հարցմանը։
Հարցին, թե կո՞ղմ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը` հարցվածների 59.3 տոկոսը պատասխանել է, որ միանշանակ դեմ է։ Բացի այդ, 8.7 տոկոսն էլ ասել է, որ ավելի շուտ դեմ է դրան։ Իսկ ահա ավելի շուտ կողմ է հարցվածների 15.1 տոկոսը, միանշանակ կողմ` 11.2 տոկոսը։