ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանում հոկտեմբերի 13-ից 22-ը ներառյալ մարդահամարը կանցկացվի։ Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի նիստը։
Մարդահամարի նախապատրաստական աշխատանքները կազմակերպվել են ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի 2020 փուլի մարդահամարների անցկացման ուղեցույցներով և ընթացակարգերով՝ բնակչության պետական ռեգիստրից ստացվող հիմնական ցուցանիշների, 25 տոկոս ընտրանքային հարցմամբ մարդահամարի ծրագրով սահմանվող տվյալների հավաքագրմամբ:
Հնգօրյա ժամկետում մարդահամարի ծրագրի նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը, որպեսզի հաջորդ փուլով վիճակագրության պետական խորհրդի որոշմամբ հաստատվի մարդահամարի հարցաթերթը:
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի պետք է մարդահամար անցկացվեր, սակայն կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված այն հետաձգվեց։ Բյուջեով դրա համար նախատեսված 936.6 մլն դրամը փոխանցվել էր ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: